Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ» կոմիտեի օրոք եւ հիմա

Փետրվար 01,2013 10:49

1988-i-arajin-hanrahavakner «Նրանք,  ովքեր  մինչև  քսանհինգ  տարեկանը  հեղափոխական  չեն  լինում,  սրիկաներ  են,  և  նրանք,  ովքեր  քսանհինգից  հետո  են  հեղափոխական  դառնում,  նմանապես  սրիկաներ  են»:  Այս  միտքը  մեկ  Բիսմարկին  է  վերագրվում,  մեկ`  Չերչիլին  ու  այլոց,  և  վերջնականապես  պարզ  չի` իրականում  ով  է  էդ  մտքի  իրական  հեղինակը,  բայց  որ  հետաքրքիր  ու  խորհրդածությունների  տեղիք  տվող  միտք  է,  կասկածից  վեր  է:  Եվ  շատերն  են  այդ  միտքը  մեջբերում,  մանավանդ`  հակահեղափոխականները,  և մեջբերելիս  էլ  հեղափոխականության  սահմանագիծը  երբեմն  քսանհինգն  են  նշում,  երբեմն  էլ`  երեսունը  և  այլն,  նայած  թե`  էդ  պահին  որ  տարիքն  է  իրենց  ձեռնտու,  և  չնայած  վերոնշյալ  միտքը  չակերտների  մեջ  առանք,  էդ  միտքը  ժամանակ  առ  ժամանակ  տարբեր  կերպ  ու  տարբեր  նպատակներով  է  մեջբերվում:

Կարեւոր  է,  իհարկե,  թե  իրականում  էդ  հետաքրքիր  միտքն  ում  գլխում  է  ծագել,  բայց  ավելի  կարևոր  է  այն,  որ  այդ  միտքը  ժամանակ  առ  ժամանակ  մեջբերվում  է  ու  գոյություն  ունի  որոշակի  գլուխներում,  ու  կարևոր  է  նաև,  որ  տվյալ միտքն  ուղղակի  առնչություն  ունի  Հայաստանի  վերջին  երկուսուկես  տասնամյակների  պատմության  ու  իրականության  հետ,  մանավանդ  որ,  այն  ամենը,  որ  տեղի  ունեցավ  ութսունութին  ու  իննսունականների  սկզբին  Հայաստանում,  միանգամայն  հանգիստ  խղճով  կարելի  է  անվանել  հեղափոխություն:

Հայաստանում  ութսունութին  սկսվածն  ու  երկու-երեք  տարի  շարունակվածը  հեղափոխություն  համարելով`  չենք  կարող  չնկատել,  որ  այդ  հեղափոխության  երևելիները`  Վաչե  Սարուխանյանից  սկսած  և  Վազգեն  Մանուկյանով  ու  մանավանդ   Ռաֆայել  Ղազարյանով  վերջացրած,  տվյալ  հեղափոխության  տարիներին  ոչ  երեսուն  տարեկան  էին  և  ոչ  էլ  մանավանդ  քսանհինգ,  և  տվյալ  հեղափոխության  լիդերների  շարքերում  ընդհանրապես  քսան  կամ  քսանհինգ  տարեկաններ  չկային,  և  տվյալ  հեղափոխության  լիդերներից  ամենաջահելներն  անգամ  երեսունն  անց  մարդիկ  էին:

Մի  խոսքով,  մեր  հեղափոխական  էլիտայի  մեջ  չափազանց  երիտասարդներ  չկային,  և  եթե  ընդունենք, որ  Հայաստանում  ութսունութի  հեղափոխությունից  հետո  էլ  ժամանակ  առ  ժամանակ  հեղափոխական  տրամադրություններ  արտահայտվել  են`  հատկապես  1996-ին  ու  2008-ին,  պիտի  խոստովանենք  նաև,  որ  նշածս  էդ  հետագա  հեղափոխական  բռնկումների  ժամանակ  էլ  երիտասարդներն  ընդամենը  շարժիչ  ուժ  են  հանդիսացել,  այլ  ոչ  թե  կազմակերպող  և  ուղղորդող  ուժ:

Այսինքն,  բուն  երիտասարդության  շարքերում  հեղափոխական  և  նույնիսկ  քաղաքական  լիցքերն  առկա  են  եղել,  բայց  առ  այսօր  դրանք  տարեցների  կողմից  են  ուղղորդվում  ու  ղեկավարվում,  որովհետև,  ինչքան  էլ  տարօրինակ  է,  այս  երկուսուկես  տասնամյակների  ընթացքում  Հայաստանի  քաղաքական  ու  ներքաղաքական  կյանքում  սերնդափոխություն  կոչված  երևույթը  դեռևս  տեղի  չի  ունեցել,  և  եթե  ժամանակ  առ  ժամանակ  էս  ասպարեզում  սերնդափոխության  շորշոփներ  նկատվել  են,  և  եթե  քաղաքականության  մեջ  որոշ  երիտասարդներ  լիդերութան  հատկանիշներ  են  դրսևորել,  էդ  դրսևորումները  հիմնականում  տեղի  են  ունեցել  ավագների  փեշերի  մատույցներում,  ու  երևի  էդպես  էլ  շարունակվի,  եթե  կյանքն  ընդհանրապես  և  Հայաստանի  քաղաքական  կյանքը  մասնավորապես  իր  պահանջները  հրատապորեն  չառաջադրի, և հիմա,  թեկուզև   էսքան  ուշացումով,  արդեն  կարծես  թե  առաջադրում  է,  բայց,  այդուհանդերձ,  եթե  Վրաստանում  անկախության  սերնդի  նախագահն  արդեն  իր  դիրքերը  զիջել  է  Իվանիշվիլիին,  Հայաստանում  անկախության  սերնդի  ներկայացուցիչները  նույնիսկ  իրենց  թեկնածությունը  չեն  առաջադրել  նախագահական  ընտրություններին:  Խոսքը, իհարկե, վերաբերում է Հայաստանի քաղաքական դաշտում արդեն ի հայտ եկած համեմատաբար լուրջ եւ հեռանկարային երիտասարդներին: Արթուր  Բաղդասարյանի   նախորդ  անգամվա  փորձը  չենք  հաշվում,  որովհետև  Արթուր  Բաղդասարյանի  քաղաքական  առկայությունն  ու  ներկայությունը  ոչ  էնքան  սերնդափոխության  արդյունք  էին,  որքան`  ավագների  հանդուրժողականության  և  ավագների  հետ  քաղաքական  առևտրի  արդյունք, քաղաքագիտական լեզվով ասած՝ քաղաքական երկխոսության արդյունք, չնայած  քաղաքական  էդ  տեսակ  առևտրական  հարաբերություններն  առավել  ցանկալի  են,  քան  թե  նոր`  անկախության  սերնդի   բացակայությունը  նախագահական  ընտրապայքարից,  և  եթե  քաղաքական  առևտուրն  աշխարհում  ու  մանավանդ  Հայաստանում  ընդունված  բան  է,  շատ  իզուր  էինք  տենչում,  որ  բացառությունն  անձամբ  Արթուր  Բաղդասարյանը  հանդիսանա:

Բարեբախտաբար,  ուրիշներ  էլ  կան,  և,  բարեբախտաբար  ու  ի  հեճուկս  մայաների,   անցյալ  տարվա  դեկտեմբերի  քսանմեկին  աշխարհը  չկործանվեց:

Այսինքն,  կյանքը  շարունակվում  է:  Եվ  նույնիսկ  փետրվարի  տասնութից  հետո  է  շարունակվելու:

Եվ  նմանապես  մեր  էս  մտորումներն  ու  վերլուծություններն  են  շարունակվելու:

 

ՈՍԿԱՆ  ԵՐԵՎԱՆՑԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728