Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Մհերյանի սպանության կասկածանքով ձերբակալված անձին խոստացել են ազգային հերոս դարձնել, եթե սպանությունը վերցնի իր վրա

Փետրվար 01,2013 10:33

Ճանապարհային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հաշվառման-քննական բաժնի պետ Արթուր Մարգարյանը փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով Ալիկ Սարգսյանի ցուցումով ձերբակալված Գրիգոր Իգիթյանին համոզել է, որ վերջինս սպանությունը վերցնի իր վրա: Ավելին` հավաստիացրել է, թե դրանից հետո  Գեւորգ Մհերյանին սպանողին կհերոսացնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը եւ ավելացրեց, որ Արթուր Մարգարյանն Ալիկ Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է:

«Ի՞նչ գործ ուներ Ճանապարհային ոստիկանությունը զբաղվել սպանության գործով, եթե գործը ՀՔԾ-ում է: Դատախազությունում արդյոք տեղյա՞կ չէին, որ Արթուրը զբաղվում էր այդ գործով: Այդ սպանությունից հետո Արթուրը գնացել է բերդ եւ Ալիկ Սարգսյանի կողմից ձերբակալված Իգիթյանին համոզել, որ գործը վերցնի իր վրա: Ինչպես նաեւ ասել է, որ Մհերյանին սպանողը ազգային հերոս կդառնա:

Ավելին` դեպքերից առաջ Արթուրը կանչել է Գրիգոր Իգիթյանի եղբորը եւ Գրիգորին իրենց տուն: Այլ թեմայի շուրջ է կանչել զրուցելու, բայց աստիճանաբար խոսքը բերել է Մհերյանին: Ասել է, թե գիտե՞ք, Մհերյանը ով ա եւ, այլն եւ այլն»,- մանրամասնեց Գեւորգ Մհերյանի հայրը:

Պետրոս Մհերյանի խոսքով` այստեղ շատ մութ անկյուններ կան, որոնք դեռ պարզաբանման կարիք ունեն: «Օրինակ, Գրիգորի եղբոր հետ Արթուրն ընկեր է: Դատախազությունից, երբ վերցրել եմ Արթուրի ցուցմունքը, ասում է, թե Գեւորգի հետ ծանոթ չի, մոտ չի, երբեք սեղան չեն նստել: Այնինչ Արթուրը Գրիգորի եղբոր ընկերն է: Բայց ցուցմունքի մեջ, այլ բան է ասում»,- ընդգծեց Պետրոս Մհերյանը:

Փետրվարի 3-ին լրանում է Գեւորգ Մհերյանի սպանության 4 տարին եւ նրա հոր փոխանցմամբ, բացահայտման ուղղությամբ քայլեր արվում են: «Ճիշտ է դանդաղ, բայց արվում են: Չեմ կարող ասել այս տարի կբացահայտվի, թե` ոչ: Հույսը վերջում է  մահանում: Բայց ես հույս ունեմ, քանի որ դրանով եմ ապրում»,- նշեց Գեւորգ Մհերյանի հայրը:

Հարցին, թե Գեւորգ Մհերյանի երեխաներն արդեն գիտակցո՞ւմ են, որ իրենց հորն սպանել են, նա պատասխանեց. «Երկու աղջիկ ունի 15 եւ 3 տարեկան: Փոքրը մանկապարտեզ է հաճախում, իսկ մեծը միանշանակ ցանկանում է իրավաբանականում սովորել: Մեծ աղջիկն ասում է. «Իմ պապան Աստծո մոտ է», բայց չի գիտակցում, որ Աստծո մոտ նրան հիմարներն ուղարկեցին»:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:

Պետրոս Մհերյանը ասել էր նաեւ, որ Գեւորգ Մհերյանին սպանած մարդասպանին  սպանությունից րոպեներ առաջ տեսնող է եղել, սակայն նրա եւ կասկածյալի միջեւ առերեսում չեն կատարել: Ի դեպ, Պետրոս Մհերյանը փոխանցել էր, որ Գեւորգ Մհերյանը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: «Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց, ոչ միայն ֆլեշկեքը չկա, այլեւ ֆաքսը, եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»,- մանրամասնել էր Պետրոս Մհերյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728