Հայաստանի նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը երեկ ցնցեց թեկնածուներից մեկի՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Բարեբախտաբար, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, և ամեն ինչ ավարտվել է ուսի շրջանում ստացած վնասվածքով: Հայրիկյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ենթարկվել է վիրահատության:
Մարդկային զուտ այդ ասպեկտից դուրս, տեղի ունեցածն անկասկած ունի նաև քաղաքական չափազանց լուրջ կողմ, քանի որ փաստացի կասկածի տակ է դրվում Հայաստանում ընտրական գործընթացը:
Բանն այն է, որ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկի համար ստեղծվում են անհաղթահարելի խոչընդոտներ, ապա ընտրությունները հետաձգվում են երկու շաբաթով, իսկ եթե այդ խոչընդոտները չեն վերանում, պետք է արդեն նոր ընտրություն նշանակվի նշյալ երկշաբաթյա ժամկետի լրանալուց հետո 40-րդ օրը: Ահա այսպես, և փաստացի այսօր Հայաստանի նախագահական ընտրությունների քվեարկությունը կանգնած է առնվազն երկու շաբաթով հետաձգվելու վտանգի առաջ:
Շատ բան, իհարկե, կախված է Պարույր Հայրիկյանի դիրքորոշումից, սակայն տվյալ իրավիճակում առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ում էր ձեռնտու իրադարձությունների նման զարգացումը, ընտրական գործընթացների այս ֆորս-մաժորը: Եթե անգամ ընտրական գործընթացը չընդհատվի էլ, միևնույն է` արդեն իսկ տեղի է ունեցել մի բան, որն անվերականգնելի բիծ է թողնելու իրավիճակի վրա:
Փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը` ասում են քրեագետները: Կարծեք թե մի բան է քիչ թե շատ որոշակի, որ տեղի ունեցածը քաղաքական տեսանկյունից բացարձակապես ձեռնտու չէր կարող լինել իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ, ըստ էության, արյունոտվում են այն ընտրությունները, որոնք նա խոստացել էր դարձնել լավագույնը, անցկացնել միջազգային չափանիշներին համաձայն և այլն: Փաստորեն, թեկնածուի դեմ մահափորձով այդ ամենը ի չիք է դառնում, և ըստ այդմ` Սերժ Սարգսյանը կարծես թե բոլորովին մոտիվացված չէր դիմել նման քայլի և ստվեր նետել իր իսկ խոստումների և պարտավորությունների վրա` լավ իմանալով, որ դրանք չափազանց կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաև անձամբ իր համար:
Թե ով կամ ովքեր էին մոտիվացված իրադարձությունների նման զարգացման հարցում, արդեն, իհարկե, ենթադրությունների, վերլուծությունների սուբյեկտիվ շրջանակում է, առավել ևս մահափորձի, պատվիրատուների և կատարողների մասին հստակ տեղեկատվության բացակայության պայմաններում: Եվ հետևաբար` այստեղ, իհարկե, ամենևին պետք չէ շտապել և պետք է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը, իսկ ամենակարևորը՝ ոստիկանության աշխատանքին և դեպքի բացահայտմանը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժամանակ»