Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վարուժան Տեր-Սիմոնյանը լրագրողներին պատմել է հետևյալը. «Հայրիկյանի կինը ինձ քիչ առաջ պատմեց, որ այդ ժամին տան մոտ ձայներ են լսել, գոռոցներ, աղջիկը պատուհանից դուրս է նայել և գոչել՝ հայրիկը… Դուրս են եկել ու տեսել արյուն…»:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հունվարի 31-ին, 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի մուտքում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա»: Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր. 34-305 հոդվածի հատկանիշներով՝ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով):
Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հետաքննությունը վարում է ԱԱԾ-ն:
Տեսանյութերը՝ «Ա1+»-ի եւ «Առաջին լրատվականի»: Լուսանկարը՝ «Հայրիկեան նախագահ» ֆեյսբուքյան էջից