ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վնասվածքներից առնվազն մեկը հրազենային է. այդ մասին հիվանդանոցում գտնվող լրագրողներին հայտնեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Ըստ նրա՝ թոքը չի վնասվել, կա արյունազեղում, վիրահատության հարց չկա. «Գնդակը ներսում է… Հետագայում դուրս կբերվի պլանային վիրահատության միջոցով»
Ի դեպ, հիվանդանոց են այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ: «Ես կարծում եմ դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին և պետականությանը»,- լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը կատարվածը «սադրանք» է անվանել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ եթե Հայրիկյանի առողջական վիճակը թույլ չտա շարունակելու քարոզարշավը՝ հնարավոր է ՀՀ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն:
Լուսանկարը՝ NEWS.am-ից