Շաբաթ օրը Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով մշակութային մայրաքաղաք կայցելի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը՝ երաժշտի այցը բացարձակապես կապ չունի Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մայրաքաղաք հռչակելու ծրագրի հետ, նա գալիս է իր նախաձեռնությամբ: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ Գյումրու փողային նվագախումբը շատ որակյալ է, բարձր մակարդակի, սակայն երաժիշտների ձեռքի տակ եղած երաժշտական գործիքները շատ հին են, երկրաշարժի ժամանակ մի կերպ իրար գլխի հավաքած: Այդ պատճառով էլ քաղաքապետարանը որոշել է Կոբզոնի նվերը փոխանցել փողային նվագախմբին, իսկ փողային նվագախմբի գործիքները բաշխել երաժշտական դպրոցների փողային բաժինների միջև:
Հիշեցնենք, որ Իոսիֆ Կոզբոնը դեռևս նոյեմբերի 22-ին իր 75-ամյա հոբելյանին նվիրված բարեգործական համերգ էր տվել Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ու համերգի կազմակերպչի`«Созвездие» միջազգային բարեգործական հիմնադրամի միջոցով ողջ հասույթը տրամադրել Գյումրիի երաժշտական դպրոցներին: Սպիտակի պատվավոր քաղաքացուն , «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը կրող երաժշտին գյումրեցիները կհյուրընկալեն Գյումրու քաղաքապետարանում, թիվ 4-րդ երաժշտական դպրոցում, Սլաբոդկա թաղամասում գտնվող Պատվո բլուրում, Ձիթողցոնոց տուն-թանգարանում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև