Այս գյուղի դպրոցի 30 աշակերտներից 5-ն են տեղացի
Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղը մարզկենտրոն Կապանին մոտ գտնվող գյուղերից է, որտեղ հասնելու համար մոտ 15-20 րոպե ժամանակ հազիվ է պահանջվում: Նախքան գյուղ հասնելը` ճանապարհ ընկնելիս, ենթադրում էի, որ ի տարբերություն հեռավոր գյուղերի, այս գյուղում, կյանքն աշխույժ կլինի, կենցաղային պայմանները լավ, ծնունդները շատ եւ գյուղը լքելու առիթ դժվար թե լինի: Բայց պատկերացումներն ու ենթադրությունները միանգամից ետեւում մնացին, երբ գյուղացիների հետ տեղում հանդիպելուց հետո պարզ դարձավ, որ Նորաշենիկում վերջին 7 տարիներին երեխա չի ծնվել, երիտասարդ ընտանիքները քիչ են, աշխատանք չլինելու պատճառով էլ մարդիկ նախընտրում են լքել գյուղը:
«Գյուղում տեղ չկա աշխատելու, բոլորը ձգտում են գնալ քաղաք, դրա համար էլ ամբողջ գյուղը դատարկվել է, ոչ մի երիտասարդություն չկա, նույնիսկ երեխա չկա դպրոցում: Գյուղի դպրոցում մոտ 30 երեխա է սովորում, որից ընդամենը 5-ն է Նորաշենիկից, մյուսները այլ գյուղերից կամ քաղաքից եկած աշակերտներ են: Մեծահասակներ են մնացել հիմնականում, գյուղը ծերանում է…», – Նորաշենիկի ապագայով մտահոգված ասաց Նորաշենիկ գյուղի բնակչուհի Գայանե Թումանյանը: Իսկ երիտասարդներին վերադարձնելու կամ եղած բնակիչների արտագաղթը կանխելու հնարավոր տարբերակը նորաշենիկցիները տեսնում են կաթի վերամշակման կամ պահածոների գործարան հիմնելու մեջ, որտեղ բնակիչները կաթը, պանիրը եւ այգու բարիքները կհանձնեն ու իրենց արտադրածից եկամուտ կստանան:
Գյուղում անասուններ պահողներ կան եւ գործարան բացվելու դեպքում տեղաբնակները պատրաստակամություն հայտնեցին ավելացնելու եղած գլխաքանակը:
Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, Նորաշենիկում 97 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, իսկ մանր եղջերավոր` 7:
Անասնապահությունն ու հողագործությունն են տեղաբնակների հիմնական զբաղմունքը, ուստի գյուղի ապագան տեսնում են հենց այդ գործարանների ստեղծման մեջ, որի առկայության դեպքում իրացման խնդիր այլեւս չի լինի: Այժմ նորաշենիկցիները գյուղատնտեսական մթերքները էժան գներով տանում եւ քաղաքում են վաճառում, հանձնում վաճառակետերին կամ ծանոթ-գնորդներին եւ դժվարությամբ իրացնում եղածը:
Կարդացեք նաև
«Կարծում եմ, պետք է գյուղում պայմաններ ստեղծվեն, որպեսզի գյուղում եղած մարդիկ գոնե չլքեն գյուղը, երիտասարդներն էլ ցանկություն հայտնեն վերադառնալու հայրենի գյուղ: Այժմ գյուղում նույնիսկ մանկապարտեզ չկա, մանկապարտեզահասակ երեխա չլինելու պատճառով ժամանակին փակվել է մանկապարտեզը: Վերջին անգամ գյուղում ես եմ երեխա բերել, դա եղել է 7 տարի առաջ…: Մինչեւ այսօր ոչ մի ծնունդ այլեւս չի գրանցվել Նորաշենիկում: Ցավով եմ նշում, բայց երեխաներիս մեծանալուց հետո ես նույնպես ստիված եմ լինելու մտածել գյուղը լքելու եւ Կապանում հաստատվելու մասին, եթե գյուղում ապրելու պայմաններն այսպես մնան եւ չբարելավվեն», – նշեց գյուղի բնակչուհի, համայնքի ավագանու անդամ Աննա Ավանեսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վերընտրեք գործող նախագահին: Նա ձեզ իր խոստացած դիզվառելիքն ու
պարատանույթը զեղջ գներով կվաճառի և ամեն ինչ լավ կլինի: