«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացվում է կուսակցության որոշման մասին:
Որոշում
Կուսակցության քաղաքական խորհուրդը լսեց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի կանոնադրական պահանջները չկատարելու, կուսակցությունը վարկաբեկելու հետևողական գործունեության հարցը:
Ղ.Մեհրաբյանը և Պ.Գևորգյանը, կեղծելով փաստերը, ներկայանում են որպես կուսակցության հիմնադիր անդամներ այն դեպքում, երբ կուսակցության 1998թ. մարտի 7 ընդունած ”Հռչակագրով” «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիրներ են համարվում «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները:
Կարդացեք նաև
Ղ.Մեհրաբյանը, անտեսելով կուսակցության քաղաքական խորհրդի 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշումը, դեկտեմբերի 26-ին ՀԱԿ քաղաքական խորհրդում ստորագրում է որոշում, որի լիազորությունները չուներ և հակասում էր ԺՀԿ դեկտեմբերի 25-ի որոշմանը:
Ղ.Մեհրաբյանը և Պ.Գևորգյանը վերջին մեկ ամսվա ընթացքում ԶԼՄ-ով հանդես են եկել հարցազրույցներով ու հայտարարություններով, որով ոչ միայն վարկաբեկել են կուսակցության հեղինակությունը, ավելին` 30.01.2013թ. իրենց ստորագրությամբ տարածած հայտարարությամբ հստակ է պատվիրատուի նպատակը` կուսակցության կազմաքանդումը և ուզուրպացումը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը և Երևանի մարզային կազմակերպության 31.01.2013թ. ներկայացմամբ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը` համաձայն կուսակցության կանոնադրության գլուխ 2, 5 և 6 կետերի պահանջների, դադարեցնում է Ղ.Մեհրաբյանի և Պ.Գևորգյանի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունում անդամակցությունը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
քաղաքական խորհուրդ
31.01.2013թ.
Լուսանկարում՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: