Հունվարի 31-ին, Երևանում,Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը :
Նախ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, որը մշակվել ու ձևակերպվել էր Ծաղկաձորում կուսակցության կայացած եռօրյա հավաքի ժամանակ:
Համագումարը նախագահում էր Արմեն Հովհաննիսյանը, քարտուղար` Աշոտ Գրիգորյան: Հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրվեց Հովհաննես Նալբանդյանը, անդամներ` Կարեն Մեժլումյանը, Արսեն Սարգսյանը:
Ելույթներով հանդես եկան Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը:
Կարդացեք նաև
Կուսակցության ղեկավար մարմնի` Վարչության անդամներ ընտրվեցին Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը, Հովհաննես Եղյանը, Խորեն Հարությունյանը: Վերահսկիչ Մարմնի անդամներ ընտրվեցին` Արսեն Սարգսյանը, Հովհաննես Նալբանդյանը, Սերգեյ Կարապետյանը:
«Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին:
Կուսակցությունը դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որևէ կառույցում Հայաստանի ներգրավմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական և անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արևմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը և պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը:
Համագումարի ընթացքում հայտարարվեց,որ կուսակցության մոտակա քաղաքական քայլերն են լինելու նախագահական ընտրություններին Բոլորին Դեմ-ի կոչով հանդես գալը,մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը մասնակցության հարցը քննարկելը:
«Հայազն» կուսակցության մամլո ծառայություն
<> կուսակցությանը ցանկանում եմ՝ երկար տարիների կյանք: Հայի, և մեզ
հետ նույն հողում բարի կամքով ու նպատակով ապրող բոլոր այլ ազգությունների
համար, լինեք հենարան և արդարության երաշխիք:
Բայց մի՞ թե բոլորին Դեմ քվեարկելը չի նշանակում աջակցել գործող հանցավոր
ռեժիմի պարագլուխի վերարտադրմանը: Մի գուցե Ձեր կուսակցության ստեղծման
պահից ճիշտ քայլ կատարեք և բացահայտ ցույց տաք մեկ այլ ավելի ճիշտ տարբերակ
օրինակ,՝ կոչ անեք որ կազմեն եռյակ, իսկ Դուք նրանց աջակցեք: Արեք՝ նոր, յուրովի,
ազնիվ, վեհ քայլ և իսկույն կգնահատվեք: Ձեզ ամենայն բարիքներ:
Հարգելի Մաքսիմ, նախ շնորհակալություն ջերմ խոսքերի և մաղթանքի համար: Շատ ընկալելի տրամաբանություն կա Ձեր առաջարկի մեջ, սակայն կցանկանայի, ներկայացել մեր որոշման սկզբնապատճառը: Ընտրությունների այս որակն ու բովանդակությունը պատահական չեն առաջացել, այլ, այսպես կոչված, քաղաքական վերնախավի 20 ամյա գործունեության բնական արդյունքն են: Վստահել նույն մարդկանց մենք չենք կարող: Առավել ևս, որ հաղթելու և իրավիճակը փոխելու ցանկություն իրականում չենք էլ տեսնում: Այս պահին Հայազնը գտնում է, որ ավելի կարևոր է հենց առաջին փուլում գործունեության ցույց տալ այն տարածությունը, որ անջատում է մեզ, ազգային հեղափոխականներիս, 3-րդ Հանրապետության քաղաքական բարքերից: Սա հենց այն կետն է, որից մենք սկսում ենք, մեր պայքարը հանուն Ազատ Հայրենիքի: