Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում…

Հունվար 31,2013 17:39

1988թ., դեկտեմբերի 25…. Ամուսնացան ծնողներս….. Երեվանում, հարսանիքն առանց երաժշտության էր…..պատճառը՝  երկրաշարժից  18 օր հետո էր…

1989թ., Հոկտեմբերի 29, ծնվեցի ես….երևվի առաջին անգամ 🙂  Երեվանում…
Մինչ ներքեւում հիշատակվող իրադարձությունը, նշեմ, որ կյանքս սովորական է եղել, ոչ մի արտառոց դեպք…. բնական–հայակական՝ ձանձրալի, ուղիղ գծով գծված՝ դպրոց, տուն,  պարապունքներ: Հետո՝  համալսարան-տուն…. առանց սիրո, առանց սեքսուալ տեսարանների, այն էլ Երեվանում… Ու երբեք մտքովս չի էլ անցել մտածել Երեվանի մասին: Ասեմ ավելին, ընկերուհիս մի խաղ էր սովորեցրել… որպեսզի դուրս գայինք այդ հայկական խելոք-համեստ աղջկա անիմաստ  իրականությունից: Ամեն օր տանից դուրս գալուց պատկերացնում էինք տարբեր քաղաքներ, մի օր Փարիզով էի համալսարան գալիս, Վարդան Մամիկոնյանի արձանը դառնում էր Էյֆելյան աշտարակ, օղակաձեւ զբոսայգին էլ՝ Ելիսեյան դաշտեր: Մի ուրիշ օր Վարդան Մամիկոնյանը դառնում էր սուրբ Պետրոսի տաճար, մի ուրիշ անգամ էլ՝ Բիգ-Բեն: Եվ այդպես շարունակ… տարբեր քաղաքների միջով գալիս էինք համալսարան… ու ինձ համար չկար Երեւան…

              

2010թ.,  Հոկտեմբերի 29… լրացավ 21 տարին, ինչ ապրում եմ… Երեւանում:

Ուղիղ  5 օր անց մահացավ հայրս… հանկարծակի… Երեւանում…
…Այդ օրվանից սկսեցի փնտրել… փնտրել մարդկանց մեջ, շենքերում, Հախվերդյանի երգերում, հենց հորս  պատմած երեւանյան պատմություններում: Կրկեսի շրջակայքի հայտնի «կարկանդականացում», համալսարանի սեւ շենքի շրջակայքում, որն այն մի Երեւանում ժողինստիտուտն էր: Կուկուռուզնիկի տարածքում… ստադիոններում,  ուր ժամանակին նա սիրում էր ֆուտբոլ դիտել… Մերգելյան ինստիտուտում, որտեղ աշխատել էր երկար ժամանակ… Փնտրել ամեն տեղ, ուր եղել էր, որոնց մասին ինձ պատմել էր, անգամ չէր էլ պատմել, Սովետի Երեվանում, լավ ու վատ օրերի Երեւանում…
Հա, փնտրում էի, երկա՜ր-երկա՜ր… մենակ թափառելով, անվերջ փնտրելով ու չգտնելով… ոչ՛ Կուկուռուզնիկը, ոչ՛ Մերգելյանը, ոչ՛  կրկեսի մոտի կարկանդակները, անգամ կրկեսն այլեւս չկար: Բայց գիտեք, թե ինչ գտա… գտա Երեւանը, իմ Երեւանը, նոր Երեւանը… «պայթած»  կրկեսով, անկուկուռուզնիկ, թամանյանական հրապարակից մի քիչ աջ ու ձախ կառուցված «դուբայական»  մոտիվներով շենքեր գտա… Հյուսիսային պողոտա գտա…. «Հագուստի աշխարհի» դիմաց «հպարտ կանգնած» խեղճ Կարաբալայի արձան գտա… դե, սա էլ իմ Երեւանն է.. կամ լավ, կամ վատ… չէ, հաստատ լավ… Հետաքրքիր անցյալով, գունավոր երիտասարդներով, բազմաթիվ սրճարաններով, լուսավոր գիշերներով, ակտիվ  ներկայով… ու ապագայով…. Դե, հստակ բան ապագայի մասին ասել չեմ կարող,  որովհետեւ վաղվա Երեւանն ինչ-որ չափով ինձնից էլ է կախված…

Անի Սարդարյան՝ mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031