Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողներից է հայ խաղաղապահների եւ աֆղանցի երեխաների լուսանկարը (ֆոտոշարք)

Հունվար 31,2013 16:58

Այսօր «Ասպար Արմս» զենք-զինամթերքի խանութում «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները մրցանակներ շնորհեցին հունվարի 1-ից ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-ամյակի առթիվ հայտարարված բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողներին:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Թոսունյանը, դրամական պարգեւների, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» եւ «200 հայ զորավարներ» գրքերի, ինչպես նաեւ` «Ասպար Արմսի» կողմից նվերներ են ստացել «Ես եմ իմ երկրի զինվորը» եւ «Խաղաղության զինվորը» անվանակարգերում հաղթած մասնակիցները. «Մրցույթը կազմակերպեցինք, որպեսզի հասկանանք, թե հասարակության կողմից ինչպիսի տրամադրվածություն կա բանակի եւ զինվորական ծառայության հանդեպ: Ի զարմանս մեզ, պրոֆեսիոնալ լուսանկարներից բացի` շատերը ուղարկեցին իրենց իսկ զինծառայողների լուսանկարները: Այսինքն՝ մարդիկ, չնայած բանակի հանդեպ վստահության պակասին, դրական են տրամադրված»:

Թոսունյանը հավելեց, որ բանակի հանդեպ անվստահությունը պայմանավորված է թե երիտասարդության շրջանում պարտադիր երեւույթները չընդունելու հանգամանգով, թե բանակում առկա մի շարք անցանկալի երեւույթներով. «Դրանք ազդում են մարդկանց հոգեբանության վրա, սակայն նմանատիպ մրցույթներն այդ իրավիճակը շտկելու գործում արդյունավետ են»:

Գեւորգը նշեց, որ մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է 50-ից ավելի լուսանկար. «Հաղթողներն ընտրվել են Facebook-ով անցկացված հանրային քվեարկության միջոցով: Լուսանկարներից մի քանիսն անգամ հավաքել են 1500-ից ավելի «լայքեր»:

«Խաղաղության զինվորը» անվանակարգի 2-րդ հորիզոնականի հաղթող, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի սպա Դավիթ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր առաջադրած լուսանկարում ներկայացված են 2011թ.-ին առաջին անգամ Աֆղանստան մեկնած 5 հայ խաղաղապահ սպա եւ աֆղանցի երեխաներ. «Երբ Գերմանիայում պատրաստվելուց հետո մեկնել էինք Աֆղանստան, աֆղանցի սպաներին սովորեցնում էինք, թե ինչպես օգտագործել իրենց տեխնիկան եւ պայքարել ահաբեկիչների դեմ: Երբ մի օր նրանց հետ գնացինք առաջադրանքներ կատարելու Արչի նահանգի Նավաբադ քաղաքում, մեր շուրջը հավաքվեցին երեխաներ, որոնք հեռու էին քաղաքակրթությունից եւ անտեղյակ, թե ինչ է կատարվում աշխարհում: Անգամ չգիտեին, թե ինչ է թուղթը, էլ ուր մնաց` իմանային, որ դրանից կարելի է ինքնաթիռ պատրաստել»: Դավիթ Ալեքսանյանը նշեց, որ լուսանկարն արել է գերմանացի գործընկերներից մեկը:

«Աֆղանցի երեխաների դեմքերը տխուր էին, պարզ ու միամիտ»,-հիշում է հայ սպան:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031