Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով` Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012-ին աճել է 38.8 մլրդ. դրամով կամ 10.5%-ով` կազմելով 409.5 մլրդ. դրամ:
«2011 թ-ի համեմատ` աճել են նաեւ հաճախորդներին տրված վարկերի եւ այլ փոխատվությունների ծավալները: 2012-ին դրանք աճել են 264.3 մլրդ դրամով կամ 21%-ով: Նախորդ տարվա համեմատ` պարտավորությունները հաճախորդների նկատմամբ աճել են 187.9 մլրդ. դրամով կամ 17.9%-ով: Բանկերի շահույթը 2012-ին աճել է 5.6 մլրդ. դրամով կամ 15%-ով` կազմելով 42 մլն. 696 հազ. դրամ»,- այսօր, «Նովոստի» մամուլի սրահում ամփոփելով 2012 թվականը, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Ա. Օսիպյանի հավաստմամբ` նաեւ աճ է գրանցվել բանկերի մասնաճյուղերի թվի, ավանդների ու ակտիվների մասով:
Անդրադառնալով չաշխատող վարկերի թեմային` բանկերի միության նախագահը նշեց, որ 2012-ին այն ամբողջ վարկային պորտֆելի 3.6% է կազմել:
Համեմատելով այլ երկրների այս ցուցանիշի հետ` Ա. Օսիպյանը նկատեց, որ այն Ռուսաստանում կազմել է 8%, իսկ Վրաստանում` 12%:
Ըստ բանկերի միության նախագահի` տրամադրվող վարկերի տոկոսադրույքները կիջնեն միայն այն դեպքում, երբ դաշտում հայտնվեն ավելի մեծ թվով «խաղացողներ»:
Ամփոփելով 2012 թվականը` Ա. Օսիպյանը նաեւ նշեց, որ անցած տարում իջել են վարկերի միջին տոկոսադրույքները ու որոշ վարկերի ժամկետների երկարաձգում է կատարվել:
Բանկերի միության նախագահի համոզմամբ` հանրապետությունում գործող 21 առեւտրային բանկերը պայքար են մղում ամեն մի հաճախորդի համար, ու արդյունքում բարձրանում է նաեւ տրամադրվող ծառայությունների որակը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ