Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետը՝ հաքերային «փոխհրաձգությունների» մասին. Կրակում են միմյանց վրա ինչպես շփման գծին

Հունվար 31,2013 16:06

Այսօր ադրբեջանական որոշ կայքեր բացելիս հնչում է Ռոբերտ Ամիրխանյանի «Երազի իմ երկիր…» հայտնի երգը: Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նման բաներին լուրջ ուշադրություն չի դարձնում: «Նման երգեր տեղադրելը մոդայիկ է,ով ինչ նախասիրություն ունի, տեղադրում է հակառակորդի կայքին, միացնում-լսում է ազատ ժամանակ»,-հումորով ասում է նա:

Այսօր «Արմատ» ակումբում խոսելով Հայաստանի վրա հաքերային հարձակումներից, մասնագետը փաստեց, որ մասնավորապես ադրբեջանական հաքերները վերջին մեկուկես տարվա ընթացքում ասես անցել են պլանային ռեժիմի. ամեն օր փորձում են ինչ-որ կայք «կոտրել»: Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, ադրբեջանցիներին ակտիվությամբ զիջում են թուրքական հաքերները: Վերջիններս հիմնականում ակտիվանում են ապրիլին, կապված Հայոց ցեղասպանության տարելիցի հետ եւ այն ժամանակ, երբ որեւէ երկրում լսումներ են լինում. «Նրանք իրենց պարտքն են համարում հայկական կայքեր «կոտրել», նաեւ մեծ քանակի այլ երկրների «կայքեր» են կոտրում, ու այնտեղ տեղադրում են թուրքերեն տեքստեր այն մասին, որ հայերը ստում են… Ճիշտն ասած, ես կողմ եմ նման ձեւին, որովհետեւ դրանցով պրոհայկական տրամադրություններ են տարածվում»:

Սամվել Մարտիրոսյանը, առանց անուններ տալու, հիշատակեց հայաստանյան մի քանի խոշոր ընկերություններ, որոնց վրա հաքերային հարձակումների արդյունքում 100-ից ավելի հայկական կայքեր են «կոտրվել»: «Դա լուրջ հարձակում էր, որովհետեւ խոսք էր գնում ոչ թե ինչ-որ ռաբիս երգչի կայքի, այլ հայկական ցանց ավելի խորը ներթափանցման մասին»,-նշեց նա: Փաստեց, որ ղարաբաղյան պետական կառույցների ու հայկական լրատվամիջոցների կայքեր էլ են «կոտրվել»:

Ինչ վերաբերում է հայկական հաքերներին, Սամվել Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, այս կողմից էլ են քայլեր արվում՝ հիշեցման կարգով. «Զուտ այնպես, ինչպես շփման գծին կրակում են իրար վրա, թեթեւ փոխհրաձգություն են անում»: Ըստ տեղեկատվության անվտանգության մասնագետի, ներկայումս Արեւմուտքում սկսվել է Ադրբեջանի նոր իմիջի ձեւավորման փուլ՝ որպես տոտալիտար նավթային երկրի, իսկ Հայաստանը կողքից է հետեւում Ադրբեջան-Արեւմուտք քարոզչության յուրահատուկ զարգացումներին. «Ադրբեջանը լուրջ գումարներ է ծախսում Արեւմուտքում, լոբիստական գործողություններ է վարում…մի շարք կազմակերպություններ պրոադրբեջանական զեկույցներ են գրում, օրինակ՝ հենց

ԵԽ վերջին զարգացումները, որտեղ ակնհայտ կոռուպցիոն բաներ կան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031