Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր անձնագրային տվյալների հավաքագրումը:
Արդյոք գործող նախագահի նախընտրական շտաբի այս հայտարարությունն անկե՞ղծ է, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իրենք են հավաքում, իրենք իրենց բռնե՞ն: Ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ իրենք ցանկանում են անձնագրային տվյալներ հավաքողներին բռնեն և ասում են, որ մենք ասենք՝ ովքեր են հավաքում: Ոչ մեկ էլ չի ասի, քանի որ մարդիկ օրվա հացի կարոտ են: Հիմա այդ մարդիկ ի՞նչ ասեն, ասեն, թե ինձ ասել են անձնագրային տվյա՞լ բեր: Բնական է ձայն չեն հանելու, իրենք էլ շարունակելու են: Սրա գնահատականը մեկն է՝ խաբեություն: Դա մեկ անուն ունի՝ հերթական բլեֆն ու խաբեությունն է, քանի որ Հայաստանը բլեֆի երկիր է»:
Պարոն Եղիազարյանը միևնույն ժամանակ նշեց, որ ըստ էության այդպիսի խաբեության դիմելու կարիք էլ չունեն, քանի որ «այսպես թե այնպես Սերժ Սարգսյանը հաղթելու է»: Այնուհետև մանրամասնեց. «Հասարակական կարծիքն այսօր շատ թույլ է, իրենք աշխատում են հասարակական կարծիքի համար, որ քաղաքացուն էլի խաբեն: Ապշելուն այն է, որ խաբելու կարիք չունեն: Այսպես թե այնպես ինքն անցած է: Հաղթելու համար խաբեության, այլանդակության, կեղծիքի դիմելն անիմաստ է: Իրենք դա հասկանում են: Հասարակական կարծիքն է վատը, մյուս կողմից Եվրամիության և ԵվրաԶեսի արանքում մնացած կարգավիճակն է վատը: Այստեղ են ծնվում մտածմունքները: Խնդիրն այն է, որ մի ոտքը արևմտյան արժեքների ոլորտում է, մյուս ոտքը՝ ԵվրաԶեսի: Որպես կանոն, երբ երկու նապաստակների ետևից են ընկնում, ոչ մեկին չեն բռնում: Այդ նապաստակին դարձրել են մեր ժողովրդին: Սուդիբեկյանն ասում է, թե 66 տոկոս ձայն ունի Սերժ Սարգսյանը: Սուդիբեկյանին հարցրեք, ինչո՞ւ համար նրան ձայն տան, որ մեկ միլիոնից ավելի սոված մարդ կա՞»:
Գ. Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունից հետո Ս. Սարգսյանի վարկանիշը բարձրացա՞վ, թե՞ ընդհակառակը: Նա պատասխանեց. «Ի՞նչը նկատի ունեք բանջարաբոստանային կուլտուրանե՞րը… Ընդհանրապես վարկանիշ չկա, որ ընկնի, կամ չընկնի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ