Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այցելեց ԳԱԱ շենքի առջեւ հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
«Յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին յուրովի, կուսակցությունները՝ որպես թիմային կառույցներ՝ առաջադրմամբ: Ամենակարեւորը , որ Անդրիասը կիսեց ինձ հետ, բոլորիս տրամաբանությունը մեկն է՝ ունենալ ուժեղ Հայաստան, անկախ նրանից ՝ այս պայքարում ով կլինի նախագահ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է բարձր մասնակցություն ունենա: Ձեւը Անդրիասը յուրովի տեսավ , որը կարող է սկզբունքորեն ինձ համար էլ ընդունելի չլինի, բայց դա իրավունք է ու պետք է հարգենք»,- պարոն Ղուկասյանի հետ զրուցելուց հետո լրագրողներին ասաց պարոն Սահակյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը անվավեր ճանաչելու մասին Ղուկասյանի պահանջին՝ պարոն Սահակյանն ասաց, «Յուրաքանչյուրը յուրովի է ընտրապայքարին մասնակցում իր գաղափարախոսությամբ, չէի ուզի, որ մեր ազգում սեւ ու սպիտակներ լինեն, պետք է կարողանանք ազնվաբար գնահատել յուրաքանչյուրի գործողությունները՝ նույնիսկ չընդունելով: Այս տարբերակով, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նման երեւույթները ընդունելի չեն, բայց միաժամանակ մեր խնդիրն այն չէ, որ գնահատականներ տանք՝ ինչ ենք ընդունում, ինչը չենք ընոդունում»:
Նա նաեւ ասաց, որ Ղուկասյանին հացադուլը դադարեցնելու կոչ չի արել, որովհետեւ. « Կոչ անելու խնդիր չկա, եթե անձը այդպես է որոշում, ուրեմն այդպես է մտածում, պետք է ուշադիր լինենք, որ պայքարը պայքար մնա եւ առողջությանը չվնասի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ