Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները խաչվեցին

Հունվար 31,2013 15:21

 

Այսօր Չարենցավան քաղաքում միանգամից երկու նախագահի թեկնածու էր քարոզարշավ իրականացնում՝ ՀՀ գործող նախագահ, Հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:  Չարենցավանի մշակույթի տան դահլիճում Սերժ Սարգսյանի հանդիպումն արդեն կեսին էր հասել, երբ  նույն մշակույթի տան հարակից տարածքում սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Թե այդ զուգադիպության համար ինչ տույժ կստանա Կոտայքի մարզպետի Չարենցավանի քաղաքապետ որդին՝ Հակոբ Շահգալդյանը, հետո կերեւա:

Իսկ դահլիճի ներսում ընթացող հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսեց Չարենցավանի նախկին տնտեսական հզորությունը վերականգնելու մասին: Ասաց, որ հին տնտեսական համակարգը անիմաստ եւ աննպատակահարմար է վերականգնել, նոր տնտեսական համակարգն էլ կայացման փուլում է ու հորդորեց տեղացիներին, որ համբերատար սպասեն մինչեւ տնտեսության ոտքի կանգնելը: Ի դեպ, այստեղ նախագահը ուշագրավ դիտարկումներ արեց, կրկնելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման եւ նպաստների համակարգի մասին, Սերժ Սարգսյանը նույնպես ասաց, որ մեր հայրենակիցները գերադասում են 35 հազար դրամ նպաստ ստանալով գոյատեւել ու չեն ցանկանում աշխատել թեկուզ փոքր աշխատավարձով: Նախագահն ասաց, որ այս խեղաթյուրված հոգեբանությունը շտկելու ուղղությամբ արված առաջին քայլերը կարծես արդյունավետ են:

Նախագահ Սարգսյանը մի ուշագրավ միտք էլ արտահայտեց: Նա, իհարկե, հայցեց հայաստանցիների ներողամտությունը, որ ստիպված են դեռ որոշ ժամանակ էլ ցածր աշխատավարձով աշխատել: Ըստ Սերժ Սարգսյանի՝ մայրաքաղաքում առաջարկվող աշխատանքներին 130-140 հազար դրամ  աշխատավարձ է տրվում, ինչը մեր համաքաղաքացիների սրտով չէ:

Նախագահը խոսեց նաեւ  դատաիրավական համակարգում տիրող  իրավիճակի մասին, խոստովանելով, որ հայաստանյան դատաիրավական համակարգի ներկայիս իրավիճակը բիզնեսի համար լուրջ խոչընդոտ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031