Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Չարենցավանում եւ հարակից գյուղերի դպրոցներում տեղի է ունենում դասերի ժամին Վարդան Այվազյանի հանդիպումը. «Տեղեկություններ ենք ստանում, որ անձնագրեր են հավաքվում: Քաղաքապետարանի հետ կապված ահազանգ ունենք: Կրթության վարչության պետը քաղաքապետարանի դպրոցների տնօրենների հետ հանդիպում է ունեցել դասերի ընթացքում եւ նախագահական ընտրությունների հետ կապված զրուցել»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի գնահատմամբ՝ քարոզարշավն անցնում է բավականին հանդարտ. «Քաղաքակիրթ քարոզարշավ է: Ում նպատակն ազնիվ է, քաղաքակիրթ քարոզարշավ են իրականացնում: Եթե նախկինում կային դժգոհություններ հանդիպումներ կազմակերպելու համար, ապա այսօր ազատ է: Որեւէ համայնքապետ, անկախ կուսակցական պատկանելությունից, խոչընդոտ չի հանդիսանում որեւէ թեկնածուի համար: Սա ձեռքբերում է»: Հովհաննես Սահակյանը չէր ուզում պատասխանել Արմեն Մարտիրոսյանի քննադատությանը՝ կատակելով, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մոնիտորինգի տակ կընկնեն: Ըստ նրա, եթե ՀՀԿ-ականները աշխատում են նախագահի օգտին, դա նորմալ է եւ պետք չէ դրանից սենսացիա սարքել. «Ազնիվ չէ սենսացիա անել, այդ մարդիկ պետք է աշխատեն Հանրապետականի օգտին: Եթե կան փաստեր, ասեք: Ասում են՝ մենք գործ տվող չենք, բայց բանսարկությունը գործ տալուց առավել է: Օրինակ, Լոռու մարզում մարզպետը արձակուրդ է վերցրել մեկ ամիս, շրջել է սեփական մեքենայով, քարոզարշավ արել:»:
Արմեն Մարտիրոսյանը շարունակեց խախտումների շարքը, որոնք նկատել է: Նա ասաց, որ ՀՀԿ-ից իրենց դուռն են թակել, անձնագիր են ուզել. «Տանը մենակ մայրս է եղել»: Հովհաննես Սահակյանը հակադարձեց՝ «Հիմա ես էլ որ ասեմ, մեր դուռն են թակել «Ժառանգությունից», ուզել են, ո՞նց պետք է ապացուցեք»:
Անդրադառնալով քարոզարշավին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «այն թեկնածուները, որոնք ծրագիր են ներկայացրել, խոսում են ծրագրի մասին, նրանք, ովքեր չեն ներկայացրել, խոսում են Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ՝ սեւ PR-ի շրջանակներում: Նա մասնավորեցրեց, որ խոսքը էպոսագետի եւ Արամ Հարությունյանի մասին է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ