ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը հունվարի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան: Հունվարի 21-ին Վարչական դատարանը մերժել է նրա հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որով բողոքարկվում էր ԿԸՀ թիվ 22-Ա որոշումը: Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր նկատմամբ կիրառված ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածների և 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերի, 38-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականությունը` ՍԴ-ին խնդրելով դրանք ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր` հիմնվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի վրա, որով սահմանվում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու և դրա նորմերի անմիջականորեն գործելու, օրենքների նկատմամբ միջազգային պայմանագրերի գերակայության դրույթը, ինչից բխում է, որ Սահմանադրության 14.1 և 50-րդ հոդվածներով սահմանված դրույթները պետք է գործեն անմիջականորեն: ՀՀ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) հիշյալ դրույթները հակասում են նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահ ընտրվելու համար նախատեսված չափորոշիչները` չնախատեսլով այլ արգելք, գրավ, գումարային կամ այլ սահմանափակումներ: ԸՕ 82-րդ հոդվածը որպես թեկնածուի գրանցումը մերժելու հիմքերից մեկն է դիտում հենց Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Վիճարկվող դրույթները պարունակում են Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակումներ, ինչը հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին:
ԸՕ հիշյալ դրույթները հակասում են նաև Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթներին, քանի որ թեկնածուին ուղղակիորեն ֆինանսական (տվյալ դեպքում` ընտրագրավի տեսքով) պահանջի ներկայացումը, ըստ էության, պայմանավորում է թեկնածուի գրանցումը նրա գույքային դրությամբ և խտրականություն է սահմանում հնարավոր թեկնածուների միջև: Ընտրագրավի 8 միլիոն դրամ սահմանված չափը վերածվում է գույքային ցենզի, քանի որ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 35000 ՀՀ դրամի չափով, իսկ միջին աշխատավարձը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, կազմում է 114000 ՀՀ դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը: Համաձայն ԸՕ 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն». այս դրույթն ընտրությունների հիմունքներից մեկն է և ամրագրում է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքը` անկախ գույքային վիճակից:
Նարինե Մկրտչյանը պնդում է, որ ԸՕ 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունները, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 6-րդ, 14.1 և 50-րդ հոդվածներին: