Քայլ առ քայլ բարեփոխեցինք Հայաստանի քաղաքական համակարգը, քայլ առ քայլ բարեփոխելու ենք տնտեսական համակարգը: Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այդ մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Լրագրողների սպասումները չարդարացան, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չեկավ նախագահի հետ հանդիպմանը: Ու մինչ Սերժ Սարգսյանը խոսում էր իր ծրագրի տնտեսական բարեփոխումներից, դահլիճից մի կին ընդհատեց նրան, ասելով՝ «ճիշտ եք ասում, պարոն նախագահ»: Սերժ Սարգսյանը մի պահ ապշեց`իրեն ընդհատելու համար, բայց երբ հասկացավ, թե բանն ինչումն է`ժպտաց ու շնորհակալություն հայտնեց:
Նոր Գեղի համայնքի մի ներկայացուցիչ նախագահին խնդրեց՝ վերջապես լուծում տալ դպրոցի վերակառուցման աշխատանքներին: Սերժ Սարգսյանը մանրամասն հետաքրքրվեց խնդրով, ապա հարցրեց, թե քանի երեխա է սովորում այդ դպրոցում: Իմանալով, որ դպրոցն ունի 200 աշակերտ, ասաց.. «Բայց քիչ ա, չէ, գնացեք գյուղում ասեք՝ թող երեխաների քանակն ավելացեն»:
Աբովյանի հարակից գյուղերից մեկի մի բնակիչ էլ, ով փոքր ջերմոցային տնտեսություն ունի, նախագահին հորդորեց, որ գազի սակագինը վերանայվի իր նման մանր գործարարների համար, ինչպես նաեւ ավելի մեղմ հարկային քաղաքականություն վարվի, որպեսզի զարգանալու հեռանկար լինի եւ ոչ թե փակվելու: Հորդորեց խրախուսել տեղական արտադրությունը, ոչ թե ներկրողներին: Սերժ Սարգսյանը չհամաձայնեց գործարարի վերլուծության հետ, նա սեփական վերլուծությունն արեց, համաձայն որի, ներկրողների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը կհանգեցնի կտրուկ գնաճի: Նախագահը նկատեց, որ առանց այդ էլ օրենսդրությամբ տեղական արտադրողին առավելություններ են վերապահված: Նախագահը չհամաձայնեց, որ ջերմատները վնասով են աշխատում: Իր հաշվարկով, օրինակ, պոմիդորի միջին գինն 800 դրամ է, ինչը չի խոսում վնասով աշխատելու մասին: Լսելով գործարարի հակադարձումը, թե հենց պոմիդորի գները արդեն մայիսին կտրուկ անկում են ապրում, նախագահը վրդովվեց. «Հենց մեկը մի բան արտադրում է, ասում է`պարոն նախագահ, այդ ապրանքի ներկրումը մի թույլատրեք: Մեր գործարարները բիրդան աղա են ուզում դառնան, միանգամից են ուզում հարստանալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Նախագահի այլ դիտարկումները` շուտով տեսանյութում
Ինչ էլ անի, իր գավառական մտածողությունը և խոսակցական ոճը համահունջ է: