Foo Fighters-ի առաջատար Դեյվ Գրոլն ասում է, որ 2011-ին լույս տեսած Wasting Light-ին հաջորդող ձայնասկավառակի երաժշտությունն արդեն պատրաստ է: Այս մասին Գրոլն ասել է MTV News-ին տված հարցազրույցում:
«Մենք ունենք նախագիծ, մենք հստակ գիտենք, թե ինչ է լինելու հաջորդը: Ես արդեն ունեմ հաջորդ ձայնասկավառակի երաժշտությունը, եւ մենք կսկսենք դրա վրա աշխատելն անմիջապես այս ամենը վերջացնելուց հետո»,- նշեց Գրոլը՝ նկատի ունենալով իր ներկայիս կինո եւ երաժշտական նախագիծը՝ Sound City-ն եւ Sound City Players աստղային խումբը, որի հետ նա դեբյուտային համերգը նվագեց Sundance կինոփառատոնի ժամանակ: «Ու մենք իսկապես հիանալի, մեծ նախագծեր ունենք հաջորդ ձայնասկավառակի համար, եւ ես իսկապես ոգեւորված եմ այդ կապակցությամբ»,- ավելացրեց Գրոլը:
Նա, այնուամենայնիվ, հրաժարվեց նոր ձայնասկավառակի թողարկման հնարավոր ժամկետ տալուց՝ ասելով. «Եթե ես հիմա ձեզ որեւէ ժամկետ տամ, դա կնշանակի, որ ես ստիպված կլինեմ իսկապես մինչեւ այդ վերջնաժամկետը հասցնել»: Ընդհանրապես, Դեյվ Գրոլը հայտնի է իր ակտիվ ու բազմազան երաժշտական գործունեությամբ ու մասնակցությամբ տարատեսակ նախագծերին: Հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ նա համագործակցում է մի նոր խմբի հետ, որը կոչվում է RDGLDGRN:
New Musical Express ամսագրին տված հարցազրույցում վաշինգտոնյան եռյակը հաստատել է, որ Դեյվ Գրոլը ձայնագրել է հարվածային գործիքները նրանց դեռեւս անանուն դեբյուտային ձայնասկավառակի համար՝ Լոս Անջելեսի Sound City ստուդիայում 2012-ին ու, հնարավոր է, կշրջագայի նրանց հետ այս տարի: Գրոլը հանդիպել էր խմբին Sound City-ում, այդ ստուդիայի պատմության մասին իր վավերագրական ֆիլմի վրա աշխատելու ժամանակ: Գրոլի մասնակցության մասին RDGLDGRN-ի անդամներն ասել են, թե «նա ձայնագրության մի ամբողջ կեսը հարվածել է ինչպես մի մեքենա», ավելացնելով, որ նրանց համար «շլացուցիչ» էր աշխատել այդպիսի լեգենդար հարվածահարի հետ: Ի դեպ, RDGLDGRN-ը միակ խումբը չէ, որում այս տարի հարվածահարի պարտականությունները կկատարի Foo Foghters-ի առաջատարը: Նա նաեւ հարվածայինների հետեւում է լինելու Queens Of The Stone Age-ի նոր սկավառակի համար ձայնագրվող երգերում: Հիշեցնենք, որ Դեյվ Գրոլը համագործակցել է Queens Of The Stone Age-ի առաջատար Ջոշ Հոմի հետ Them Crooked Vultures գերնախագծում՝ Led Zeppelin-ի Ջոն Փոլ Ջոնսի հետ միասին: Them Crooked Vultures-ը թողարկել էր համանուն ձայնասկավառակը 2009-ին, սակայն մինչ այդ խումբն արդեն անցկացրել էր չափազանց հաջող Deserve the Future Tour համերգային շրջագայությունը: Այդ շրջագայության բրիտանական համերգաշարի բոլոր տոմսերը վաճառվել էին ընդամենը 12 րոպեում՝ դարձնելով այն Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառված համերգային շրջագայություններից մեկը, զարմանալի փաստ մի խմբի համար, որը այդ ժամանակ չուներ պաշտոնապես թողարկված որեւէ ձայնագրություն: 2011-ին Them Crooked Vultures-ն արժանացավ Grammy մրցանակի «Լավագույն հարդ ռոք կատարում» անվանակարգում՝ New Fang սինգլի համար: 2012-ի դեկտեմբերին Them Crooked Vultures խմբի ապագայի մասին լրագրողների հարցին Դեյվ Գրոլը պատասխանել էր. «Մենք խոսել ենք այդ մասին, ես գիտեմ, որ մի օր մենք նորից կհավաքվենք ու մի բան կանենք, որովհետեւ մեզ դուր է գալիս միասին նվագելը»: Վերջերս Գրոլին հաջողվել էր համագործակցել մեկ այլ լեգենդար բրիտանացի ռոքերի՝ սըր Փոլ Մաքքարտնիի հետ: Այդ համագործակցությունը դարձավ նաեւ Nirvana-ի ողջ մնացած անդամների վերամիավորումը. Դեյվ Գրոլը, բաս կիթառահար Քրիստ Նովոսելիչը եւ կիթառահար Փատ Սմիրը, որոնք չէին նվագել միասին գրեթե 20 տարի, Մաքքարտնիի հետ միասին նոր երգ ձայնագրեցին Գրոլի Sound City վավերագրական ֆիլմի համար, որը կոչվում էր Cut Me Some Slack: Այս կազմը նաեւ նվագեց այդ երգը Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն»-ում կայացած «12-12-12»-ին՝ The Concert for Sandy Relief համերգի ժամանակ՝ 2012թ. դեկտեմբերի 12-ին: Համերգը կազմակերպվել էր «Սենդի» փոթորկից տուժածների համար միջոցներ հավաքելու նպատակով: Հունվարի 25-ին Rolling Stone ամսագրին տված իր հարցազրույցում Դեյվ Գրոլն անդրադարձավ այս համագործակցությանն՝ ասելով, թե նրանք այնքան ցնցված էին Փոլ Մաքքարտնիի հետ ջեմ անելու մտքից, որ միանգամից չէին գիտակցել, որ դա նաեւ Nirvana-ի վերամիավորում է: Հիշելով այդ պահի մասին, նա ասաց. «Այդ օրն իսկապես ծիծաղելի էր, քանի որ, ազնվորեն, Քրիստն ու Փաթը մինչ այդ երբեք չէին հանդիպել Փոլին ու շատ լարված էին, ուղղակի սարսափած: The Beatles-ը նույն բանն էր նշանակում բոլորիս համար: Նկատի ունեմ, առանց The Beatles-ի մենք չէինք լինի այն, ինչ որ կանք»: Դեյվ Գրոլը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է համերգներ նվագել աշխարհի տարբեր երկրներում իր նոր Sound City Players աստղային խմբով եւ ասել էր, թե հույս ունի, որ Փոլ Մաքքարտնին մի քանի համերգ կկարողանա նվագել իրենց հետ: Sound City Players-ի կազմում են Սթիվի Նիքսը, Ջոն Ֆոգերթին (John Fogerty), Լի Վինգը (Lee Ving), Ռիք Նիլսենը Cheap Trick-ից եւ Ռիք Սփրինգֆիլդը:
Կարդացեք նաև
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ