Ո՞ր տարիքից երեխաները պետք է սեռական կրթություն ստանան, հայ ծնողը պատրա՞ստ է խոսել իր երեխայի հետ սեքսի մասին, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սխալ ինֆորմացիան, որը երեխան ստանում է ինտերնետից, այս եւ այլ հարցերի պատասխանները «Առավոտին» փոխանցեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար այն պետք է սկսել կյանքի առաջին օրերից: Սովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը՝ ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երեւույթների մասին: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների եւ կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը: Օրինակ՝ տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, եւ անընդհատ կպատկերացնի իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերությունների տեսարանը: Այսպիսով՝ երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջեւ եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից: Սեռական դաստիարակության խնդիրն է նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի եւ մանկածնության գործառույթի լիարժեք ձեւավորմանը, ամուսնության եւ ընտանիքի ֆիզիոլոգիական եւ բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաեւ մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը: Սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ եւ սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին եւ սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից: Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից։ Եվ այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Եվ որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միեւնույն է, երեխայի մոտ հարցեր են առաջանում։ Ընդ որում՝ շատ բնական ու տրամաբանական հարցեր։ Հաճախ, որպես կանոն, դաստիարակչի դերում լինում է փողոցը, որը, իհարկե, կարող է ամեն բան բացատրել, նկարագրել ու գունավորել, սակայն ոչ միշտ է դա անում նրբանկատորեն ու ճիշտ։ Սեքսուալությունը մի թեմա է, որն անընդհատ գտնվում է երեխայի ուշադրության կենտրոնում, եւ եթե այդ մասին չեն խոսում, ապա առնվազն այդ մասին մտածում են։ Հերիք է երեխան մեկ հայացք նետի էկրանին, որպեսզի նկատելի դառնա, որ վերմակով ծածկված կինն ու տղամարդն ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում։ Երեխան լարում է իր երեւակայությունը՝ հասկանալու համար՝ ի՞նչ է այնտեղ կատարվում։ Բնականաբար, նրա մոտ առաջանում են հարցեր: Պետք է փաստել, որ սայլը աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Տասնամյակներ շարունակ սեքսի մասին խոսելը ամոթալի եւ անպարկեշտ էր համարվում: Անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով սեքսի նկատմամբ մշուշապատ եւ թեթեւամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների եւ, ի վերջո, անխոհեմ սեռական վարքագծի: Այս նուրբ հարցի մասին բոլորը նախընտրում էին լռել կամ շրջանցել՝ հուսալով, որ մարդու բնազդներով պայմանավորված այս խնդրի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը: «Փողոցի լեզուն», ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը: Ժամանակակից երեխաները ապրում են սեռական հարցերի նկատմամբ լիբերալ վերաբերմունքի պայմաններում, սակայն այդ թեմայի դարավոր արգելքները եւ «ցենզուրային» տերմինների բացակայությունը խանգարում են ծնողներին ինչպես հարկն է զրուցել իրենց երեխաների հետ ինտիմ հարցերի շուրջ: Հենց ճշգրիտ ինֆորմացիայի պակասն էլ խոչընդոտում է ճիշտ սեռական դաստիարակությանը: Սեռական առողջության եւ սեռական կյանքի հարցերը պետք է քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող եւ մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ: Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում: Ծնողները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ՝ գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է:
«Առավոտ» օրաթերթ