Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Պողոսյանը ԱՄՆ-ում Գիքորի «կարգավիճակով» էր

Հունվար 31,2013 13:49

Դերասանը փաստում է, որ «Եթե բոլորը» ֆիլմի PR-ը ուշ են սկսել

Այս տարի փետրվարի 24-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը: Ամերիկացի եւ մանավանդ այլազգի կինոհանդիսատեսին, հասկանալի է, ամենից շատ հետաքրքրում է «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգը: Տվյալ պարագայում, ըստ էության, պայքարի մեջ են մտնում ոչ այնքան ֆիլմերը, որքան այս կամ այն երկիրը, վերջիններիս պրոդյուսերները, գործարարները, համայնքային ու կրոնական կենտրոնների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ «Օսկարի» էր հավակնում նաեւ Հայաստանը ներկայացնող «Եթե բոլորը» ֆիլմը, որի պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարն է Միքայել Պողոսյանը, ռեժիսորը՝ Նատալյա Բելյաուսկենեն:

Օրերս «Առավոտը» հանդիպեց Միքայել Պողոսյանին, որը նոր է վերադարձել ԱՄՆ-ից: Քանի որ արդեն հրապարակված «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում, որտեղ ընտրված էր 5 նկար, չհանդիպեցինք հայկական ֆիլմին, հետաքրքրվեցինք ֆիլմի ճակատագրով ու, մասնավորաբար՝ արվեստագետի՝ ամերիկյան ուղեւորությամբ: Ընդ որում՝ մենք լուրեր ունեինք, թե նա Ամերիկա է մեկնել իր նկարը ամեն գնով «Օսկարի» հանձնախմբի ուշադրությանն արժանացնելու նպատակով: Միքայել Պողոսյանը նշեց, թե ինքը ԱՄՆ-ում հայտնվել էր թումանյանական Գիքորի կարգավիճակում: Ռեպլիկին, թե ինքը այդ տրամաչափի մրցույթին մասնակցելու փորձ չուներ, իսկ երկի՞րը, դերասանը պատասխանեց կարճ. «Մեր երկիրը՝ առավել եւս», հավելելով միայն, որ իր ֆիլմի PR-ը ուշ է սկսվել:

Միքայել Պողոսյանը նաեւ հայտնեց, թե ԱՄՆ-ում ֆիլմի մեջքին են կանգնել հատկապես Հայ Դատի գրասենյակը եւ Հարութ Սասունյանը: «Ֆիլմի մասին պարոն Սասունյանի հոդվածից հետո, որ հրապարակվեց մի քանի լեզուներով, ադրբեջանական լրատվամիջոցները աննկարագրելի հիստերիա բարձրացրին, նույնիսկ ֆիլմը չտեսնելով գրում էին, թե հայկական այս ֆիլմը մեր օկուպացված հողերի մասին է: Այնինչ, արցախյան պատերազմի մասին պատմող այս ֆիլմում շեշտադրվել է խաղաղությունը, որը մենք թանկ գնով ենք ձեռք բերել: Շատերի համար պատերազմը մինչ օրս չի ավարտվել: Այս ֆիլմը անդրադարձ է հենց այն օրերին ու մարդկանց, որոնք շարունակում են ապրել մեր կողքին, արարում, բայց պատերազմի արձագանքը մինչեւ կյանքի վերջ, իմ կարծիքով, իրենց կհետապնդի: Ադրբեջանցիները նույնիսկ նամակ հղեցին «Օսկարի» կազմակերպիչներին, եւ կարելի է ասել, որ ինչ-որ չափով մեր ֆիլմի փոքր ցանկ չընդգրկվելու հարցում դեր խաղացին:

Խնդրեցինք մանրամասնել ինչ ասել է փոքր ցանկ: «Օսկարի» հանձնախումբը 350 ֆիլմի դիտումից առանձնացրել է 71-ը, դրանից էլ 9 ֆիլմեր: Վերջինս կոչվում է փոքր ցանկ: Մեզ հաջողվեց պարզել, որ մինչ ընտրված 9 ֆիլմի մեջ ընդգրկվելը, մեր ֆիլմը 71-ից անցել էր 25-ի լավագույնի մեջ»: Հավելեց նաեւ, որ Հայ Դատի գրասենյակը մտադիր էր ֆիլմը ցուցադրել Ամերիկայի Սենատում, ինչը տեղի չի ունեցել ժամանակի սղության պատճառով:

Միքայել Պողոսյանը նշեց, որ «Եթե բոլորը» ֆիլմով 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացել է ամերիկյան հայտնի ARPA կինոփառատոնի փակումը, որտեղ ինքը հաղթել է «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, իսկ փառատոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Ֆիշերը (լուսանկարում): «Դեկտեմբերի 7-ին ֆիլմը ցուցադրվեց Սան Ֆրանցիսկոյում, 9-ին՝ Լոս Անջելեսում, դեկտեմբերի 12-ին լուր տվեցին, որ ֆիլմը դիտել է «Օսկարի» հանձնախումբը, իսկ հունվարի 4-ին նկարը ցուցադրվեց Նյու Յորքում»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ «Եթե բոլորը»-ին անդրադարձել են ամերիկյան կինոքննադատներն ու պարբերականները՝ վկայակոչելով հանրահայտ «Variety» կինոամսագիրը: «Եթե բոլորը» մասնակցել է 12 միջազգային փառատոնի՝ Մոսկվայում, Փարիզում, Բուխարեստում, Պուսանում եւ այլն՝ ստանալով 5 միջազգային մրցանակ:

«Ոսկե ծիրանին» էլ այն արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին: 2013-ին ծրագրված է ֆիլմը ցուցադրել Չինաստանում, Արգենտինայում, իսկ ապրիլին այն կմասնակցի հանրահայտ «Նիկային»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031