Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումները շոշափելի արդյունք են տվել

Հունվար 31,2013 13:46

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստից առաջ վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։ Դրանց համաձայն շոշափելի արդյունք է տվել բջջային կապի և ինտերնետի, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության և կադաստրի ծառայության ոլորտների բարեփոխումը։ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքում արծարծվել են նաև կառավարության թափանցիկ աշխատաոճի, լրատվամիջոցների անկախության ապահովման հարցեր (վարչապետի խոսքը տեղադրվում է առանձին)։

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (09.08.2012 – 24.01.2013 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 101 կետից 2013 թ. հունվարի 24-ի դրությամբ կատարվել է 97 կետը կամ 96.0 տոկոսը։

Սուբսիդավորվում է 2012 թ. ընթացքում դիմած քաղաքացիների ստորագրության վարձավճարը

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն մինչև 2012 թ. դեկտեմբերի 30-ը երկարաձգվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում դիմած ութ հազար քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծախսը սուբսիդավորելու նպատակով հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ` նախատեսված ծավալով ապահովելով գործարար համայնքի աջակցության տրամադրումը։ Դրանով իսկ  վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը խթանում է նշված գործընթացը, քաղաքացիներին խրախուսում, որպեսզի նրանք օգտվեն էլեկտրոնային ստորագրության միջոցով առաջարկվող ծառայությունից։

Գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում` ստեղծելով ՀՀ նոտարների գործունեության իրականացման բարենպաստ պայմաններ և «մեկ պատուհան» սկզբունքի արդյունավետ կիրառման հնարավորություն. նոտարներն ազատվել են տեղեկության տրամադրման համար «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից գանձվող վճարից։

Դատաիրավական բարեփոխման վարկային ծրագրով ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության համար նախատեսված շուրջ 336 մլն դրամը բաշխել է հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների ձեռքբերման ոլորտներում։

Կառավարության որոշմամբ «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Ալավերդի քաղաքում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի մոտ 100 քառ. մետր տարածքը հետ է վերցվել և ամրացվել «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին. դրանով իսկ կապահովվեն ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության Թումանյանի բաժնի գործունեության բավարար աշխատանքային պայմաններ։

Հաստատվել է Գորիս քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը

 

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները, ՀՀ կառավարությունը հաստատել է քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը։ Ծրագիր ներառված միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում նախատեսել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ։ Ծրագրի նպատակն է նպաստել Գորիսի պատմամշակութային միջավայրի վերականգնմանը, ձևավորել և զարգացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող գովազդատեղեկատվական համակարգ, հիմնել «Զանգեզուր» տեղեկատվական կենտրոն, քաղաքը վերածել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոն կազմակերպող միջազգային կենտրոնի։

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող 3 մլրդ դրամ սկզբնական արժեքով և մոտ 1 հազար քառ. մետր մակերեսով մարզադահլիճը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել է «Դ-լինկ ինտերնեյշնլ» ՊՏԵ ԼՏԴ» Հայաստանի ներկայացուցչությանը` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն իրականացնելու պայմանով։ Որոշմամբ նաև «Դ-լինկ» հետազոտությունների և թեստավորման կենտրոնի կառուցման ժամկետը երկարաձգվում է մինչև 2013 թ. նոյեմբեր ամիսը։ Ակնկալվում է, որ ընդունված որոշմամբ ավելի արդյունավետ կկազմակերպվի Գյումրի քաղաքը տեխնոլոգիական գոտու վերածելու գործընթացը։

Նոր խմբագրությամբ շարադրելով իր նախկին որոշումներից մեկը` գործադիրն ըստ էության լրամշակել է բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը` նպատակ ունենալով ապահովել կրթության շարունակելիությունը, շնորհվող որակավորման համադրելիությունը, դրա համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ստանդարտացման դասակարգչին և եվրոստատին։

Ծրագրային մոտեցում կցուցաբերվի հանրային առողջության ոլորտում

 

            ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`

– կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների վերաբերյալ 2013-2016 թթ. ծրագրին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին,

– ՀՀ գենդերային քաղաքականության և գենդերային բռնության 2013 թ. միջոցառումների տարեկան ծրագրերին։

ՀՀ կառավարությունը հաստատել է`

– ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը, որի կիրառմամբ կանոնակարգված ընթացքով կներդրվի տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը, ավելի արդյունավետ կդառնա ոլորտի պետական վերահսկողությունը,

– ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ ԿԸՀ կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները,

– ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու որոշման փոփոխությունները, որոնց համաձայն նշված ծրագրի քննարկման և համապատասխան փաստաթղթերի մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ,

– Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության արտոնագրման կարգը հաստատելու որոշման լրացումը և փոփոխությունները, որոնց կիրարկմամբ արտոնագրման հայտատուները կազատվեն լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջից։

Այլ հարցեր

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և էլինար Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հեղինակներն ակնկալում են բարելավել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց և անչափահաս դատապարտյալների իրավական վիճակը։ Կառավարության եզրակացության համաձայն առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Գործադիրն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031