Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց լիցենզիայի մանկապարտեզ է գործում

Հունվար 31,2013 13:41

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ ստացել է մի տեսանյութ, որտեղ ոմն Նարինե Խաչատրյան պատմում է, թե ինչպես են Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում հիմնադրել մանկապարտեզ՝ եզդի երեխաների համար: Նա նաեւ նշում է, որ իրենց նպատակն է ոչ միայն սոցիալական աջակցություն ցույց տալ եզդիներին, այլ նաեւ՝ հոգեւոր: Մասնավորապես՝ եզդիներին կրոնափոխ անել եւ բերել դեպի քրիստոնեություն: Դրա հետ մեկտեղ վիրավորելով՝ եզդիներին անվանել է սատանայապաշտ: Նա համոզված է, որ եզդիները «խավարի» մեջ են, եւ պետք է նրանք եզդի ժողովրդին տանեն դեպի «լույսը»: «Սինջար» կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի խոսքերով՝ նախադպրոցական կրթությունը, ըստ համապատասխան օրենքի, պետք է լինի աշխարհիկ, սակայն այս դեպքում հասկանալի է, որ խոսքը աշխարհիկ ուսուցման մասին չէ. «Այս տեսանյութը առանց արձագանքի չի մնացել։ Օրեր առաջ ես փորձեցի կապ հաստատել Սադոնց գյուղի գյուղապետի հետ։ Նա ասաց, որ այո, կա նման մանկապարտեզ, մինչդեռ մարզպետը հերքեց այս լուրը՝ ասելով, որ նման մանկապարտեզ չկա։ Դա, համենայնդեպս՝ ինձ համար, պարզ է, թե ինչու՝ նրանք չունեն լիցենզիա եւ համապատասխան թույլտվություն: Իրենք են ներքին կարգով թույլ տվել, եւ հիմա, երբ պատմությունը ջրի երես է դուրս եկել, փորձում են կոծկել այն»,- ասաց Բորիս Թամոյանը:

Ներկայումս կազմակերպությունը դիմել է կրթության եւ գիտության նախարարություն եւ ՀՀ վարչապետին, որպեսզի այս հարցը պարզաբանվի, քանի որ եթե այդ մանկապարտեզը այսքան ժամանակ գործել է անօրինական, ըստ պարոն Թամոյանի, ոչ ոք չի ընդունի, որ նման բան է եղել: Ինչպես մեզ ներկայացրեց Բորիս Թամոյանը, այժմ էլ շարունակվում են այդ հավաքները: Հավաքները տեղում կոորդինացնում է ազգությամբ եզդի մի տղամարդ, որի անունը, պարոն Թամոյանի տվյալներով, Բորիս է: Բորիս Թամոյանը համոզված է, որ Նարինե Խաչատրյանի ներկայացրած կազմակերպության նպատակը եզդիներին իրենց ազգային արմատներից կտրելն է: Այս խնդրի կապակցությամբ, ինչպես հավաստիացրեց Բորիս Թամոյանը, իրենք իրենց պայքարը շարունակելու են:

ՍԻՐՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031