Արթուր Բաղդասարյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ վերահաստատում է Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունենում ազգաբնակչության հետ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում: Հանդիպումների հետ կապված ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, ՕԵԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ Խաչիկ Հարությունյանին խնդրեցինք ներկայացնել որոշակի պարզաբանումներ:
Ըստ Խ. Հարությունյանի՝ այդ հանդիպումները որոշ շրջանակներում քննարկումների եւ շահարկումների առիթ են դարձել, սակայն ամեն ինչ շատ պարզ է. «ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախագահների համաձայնության արդյունքում ՕԵԿ նախագահ Ա.Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունենում ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքի վարչական շրջաններում ՕԵԿ տեղական կառույցների ակտիվների եւ կուսակցության համակիրների հետ՝ նպատակ ունենալով ներկայացնել ՕԵԿ դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ եւ մեկ անգամ եւս վերահաստատելու 2008 թվականին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ 2013 թվականին նախագահական ընտրություններում սատարել Ս. Սարգսյանին, ինչպես նաեւ պարզաբանել երկրում առկա քաղաքական իրավիճակը եւ կուսակցության դիրքորոշումը՝ կապված ներքին եւ արտաքին մարտահրավերների հետ, տեղեկացնել 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո կուսակցության վերակազմավորման գործընթացի մասին, քննարկել կուսակցական շինարարության որոշ խնդիրներ: Ինչպես բոլոր հանդիպումները, այնպես էլ Վանաձորում տեղի ունեցածը, անցավ լեփ-լեցուն դահլիճում եւ ջերմ մթնոլորտում: Ըստ ստացվող արձագանքների՝ թե ՕԵԿ եւ ՀՀԿ շարքերից, եւ թե հանդիպմանը ներկա անկուսակցականներից տպավորությունները խիստ դրական են, եւ դրանք նպաստել են մեր եւ մեր սատարած թեկնածուի վարկանիշի բարձրացմանը»:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ