Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրգանի» մարդը

Հունվար 31,2013 13:08

Երբ իմ տան դուռը զանգում են բարետես երիտասարդներ՝ շքեղ կազմված մի քանի գիրք ձեռքներին եւ ասում են՝ «մենք ուզում ենք ձեզ հետ զրուցել», ես ուղղակի փակում եմ դուռը, որովհետեւ ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ լսելու աղանդավորների բարբաջանքները: Ենթադրում եմ, որ հայաստանցիներից շատերն են այդպես վարվում: Բայց եթե այս օրերին մեր տուն են գալիս ինչ-որ մարդիկ, ներկայանում են թաղապետարանից, համատիրությունից եւ էլի ինչ-որ մի հիմնարկից ու սկսում են հարցեր տալ ընտրությունների վերաբերյալ կամ, ավելի վատ՝ հավաքում են անձնագրային տվյալներ, ինչո՞ւ նույնը չենք անում: Նրանք բնակարան ներխուժելու եւ մեզ հարցեր տալու ճիշտ նույն իրավասություններն ունեն, ինչ որ «Եհովայի վկաները»: Բայց ոչ՝ այստեղ մեր մեջ նստած է խորհրդային ժամանակներից մնացած գենետիկ վախը պետական մարմնի, «օրգանի» հանդեպ: Եթե «օրգանը» գալիս է եւ մեզնից տվյալներ է ուզում, ուրեմն դա վերեւներում համաձայնեցված է եւ անհրաժեշտ: Դե, եկեք, ուրեմն, այդ «օրգանի» մարդուն չդիմադրենք՝ ո՞վ գիտի՝ ինչ է գլխներիս սարքելու, եւ նրա պահանջները կատարենք: Ու բնակիչները խելոք-խելոք պատմում են նրան՝ գնալո՞ւ են ընտրությունների, թե՞ ոչ, ո՞ւմ են քվեարկելու, ինչպես նաեւ հանում են «սերվանտներից» իրենց անձնագրերն ու թելադրում տվյալները: Հետո այդ մարդկանց մի մասը զանգում է լրատվամիջոցների խմբագրություններ, կուսակցություններ, հ/կ-ներ եւ բողոքում է, թե իշխանությունն իրենցից տվյալներ է հավաքում, բայց ավելացնում՝ հանկարծ մեր անունները չգրեք՝ քաշվելու ենք:

Այդ վախերն ունեն զուտ «իներցիոն» բնույթ ու ոչ մի բանով հիմնավորված չեն: Ահազանգելն, իհարկե, ճիշտ է, բայց նախ՝ մի վախեցեք ասել ձեր անունը եւ հասցեն, երկրորդ՝ ահազանգելուց առաջ վերցրեք այս «օրգանի» մարդու կամ տիկնոջ թեւքից եւ քաղաքավարի ուղեկցեք մինչեւ ձեր տան դուռը: Հաջորդ անգամ բնակչի դուռը զանգելուց առաջ նա երեք րոպե կմտածի: Իսկ եթե մի քանի քաղաքացի նրան այդպես ուղեկցի, նա կզեկուցի իր «շեֆերին», որ նախընտրական այս «աշխատանքը» ինքը չի կարող կատարել: Ի դեպ, մերժելով այդ «բանագնացներին»՝ կարող եք վկայակոչել Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի երեկվա հայտարարությունը, որտեղ «խստորեն դատապարտվում է» անձնական տվյալներ հավաքելու ցանկացած նախաձեռնություն:

Խնդիրը բարդանում է, իհարկե, երբ այդ արատավոր, եթե չասեմ՝ հանցագործ նախաձեռնությամբ հանդես է գալիս պետական կամ մասնավոր հիմնարկի ղեկավարը: Պարզ է, որ այս դեպքում աշխատակիցները կախվածության մեջ են իրենց տնօրենից (սեփականատիրոջից) եւ կդժվարանան արհամարհել նրա ապօրինի «հրահանգները»: Այ, այստեղ իսկապես որոշակի խիզախություն է պետք. ոչ թե գալ տուն եւ խոհանոցում դժգոհել իշխանությանը «սապոնվող» շեֆից, այլ միասնաբար դիմադրել նրան՝ դիմելով թե՛ լրատվամիջոցներին եւ հասարակական կառույցներին, թե՛ դատական ատյաններին: Այդ դեպքում իշխանությանը հաճոյանալու այդ «աշխատաոճը» չի դրսեւորվի նաեւ տնօրենների մակարդակով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Պավել says:

    Պարոն Աբրահամյան բա ինչի հանեցիք իմ մեկնաբանությունը

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Պավել, ես մենկաբանությություններ հանող-դնող չեմ: Դիմեք կայքի խմբագիր Աննա Իսրայելյանին

      • Եթե Պավելը ծանոթ է մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններին՝ մասնավորապես այն դրույթին, թե «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա», այլեւս հարց չի առաջանա, թե ինչու չի հրապարակվել իր մեկնաբանությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031