«Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում աղանդավորական կառույց գոյություն ունի: Մանկապարտեզում շարժման ներկայացուցիչները կազմակերպում են հավաքներ, որի նպատակն է եզդիներին «խավարից հանել եւ տանել դեպի լույսը»»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աղանդավորները քայքայում են եզդիական համայնքները թեմայի շուրջ նշեց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը:
Նրա պնդմամբ, մարդկանց ուղեղները լվացվել են եւ վերջիններս անգիտակցորեն դեմ չեն դրան: ՀԿ նախագահները դիմել են կառավարությանը, Կրթության նախարարությանը եւ սպասում են պատասխանի, իսկ աղանդավորական շարժման ներկայացուցիչները հովանավորվում են ամերիկյան Enlighten Foundation բարեգործական կազմակերպությունից:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանի խոսքով կրոնական շարժումը առանձին աղանդավորական շարժում է, որը տարբեր երկրներում իրականացնում է տարբեր աշխատանքներ.
«Աղանդավորական շարժման ներկայացուցիչների քարոզչական առաջին թեզը հետեւյալն է. եզդիներն ու քրդերը նույն ծագումն ունեն: Դա սխալ վերագրում է եզդիների մշակույթին, երկրորդը եզդիների կրոնն արժեզրկելն է` համարելով այն սատանապաշտություն»:
Կարդացեք նաև
Բանախոսի համոզմամբ աղանդավորները 2006թ.-ից փորձում են արժեզրկել եզդիների ավանդույթներն ու կրոնական ծեսերը, նրանք կրոնական քարոզչություն են իրականացնում եւ թաքնված կերպով նսեմացնում ժողովրդին.
«Նրանք քարոզչություն են կազմակերպում հիմնականում սոցիալ տնտեսական ծանր պայմաններ ունեցող համայնքներում կամ գյուղերում, որպեսզի ազդեցություն թողնելն ավելի հեշտ լինի: Սա վտանգ է նաեւ հայ առաքելական եկեղեցու համար, քանի որ համախոհներ ձեռք բերելով նրանք կհեշտացնեն իրենց աշխատանքը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ