«Ձայն տալով Բագրատյանին, դուք ձայն եք տալիս նրան, ձայն տալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ձայն եք տալիս Հովհաննիսյանին, իսկ ձայն տալով Հայրիկյանին, դուք ձայն եք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին ու Սերժ Սարգսյանին, որովհետեւ չեմ պատրաստվում մենակ տանել այս բեռը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա խոստացավ տնտեսական ոլորտում Բագրատյանի, արտաքին հարաբերությունների ոլորտում՝ Հովհաննիսյանի, իսկ ինչ-որ հարցերում էլ՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցել:
Մեր հարցին, իր ընտրազանգվածը չի՞ հիասթափվի «Հայրիկյանին ձայն տալով, դուք ձայն եք տալիս Սերժ Սարգսյանին» իր հայտարարությունից հետո, պարոն Հայրիկյանն ասաց, որ նկատի ունի ծրագրերը:
Անդրադառնալով հարցին, թե Հայրիկյանի գումարները վերջացե՞լ են, որ հեռուստաեթերով խոսելու համար դրամահավաքությամբ դիմել է քաղաքացիներին, պարոն Հայրիկյանն ասաց. «Հայրիկյանի գումարները հենց սկզբից էին վերջացել: Հենց այդ հանգանակությունների շնորհիվ է, որ վճարել եմ ընտրական գրավը: Որեւէ օլիգարխիկից կախված չեմ»:
Նա նաեւ անդրադարձավ Հայրիկյանի աշակերտ իրեն համարող՝ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին, որը բոլոր թեկնածուներին բանավեճի է հրավիրում.«Որեւէ հարցով ինձ չի դիմել, եթե նա խոսել է բանավեճի մասին, ապա եթե իմ աշակերտն է, ուրեմն ոչ մի պարկեշտ աշակերտ ուսուցչին բանավեճի չի հրավիրում: Նրան մաղթում եմ հաջողություններ բոլոր գործերում»:
Կարդացեք նաև
Պարոն Հայրիկյանը նաեւ ամփոփեց երեկվա իր մարզային այցելությունները: Ասաց, որ Արարատում իր վարկանիշի բարձրացման լուրջ առաջընթաց կա ու բարձր տպավորույթուններով է այնտեղից երեկ վերադարձել: Հետո ներողություն խնդրեց Նորագավիթի բնակիչներից, որ նրանց շատ ժամանակ չկարողացավ տրամադրել ու հավելեց, որ այսօր կարեւոր հանդիպման է գնալու ու այցելելու է Կոտայքի մարզի 14 բնակավայրեր:
Նա խոսեց նաեւ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դժգոհությունից, որ անտեսել են մյուս թեկնածուներին, երբ եռակողմ հայտարարությամբ էին հանդես գալիս: Պարոն Հայրիկյանն ասաց, որ բաց հայտարարություն էր ու ցանկացողները կարող են միանալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ