Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին քաղաքական «ձեռքբերումների» շարքում առկա են նաեւ այնպիսիք, որոնք, թվում է, պիտի չլինեին

Հունվար 31,2013 11:38

Երբ խոսք է լինում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում գրանցված սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման մասին, իշխանամետ վերլուծաբանները, ընդունելով հանդերձ ակնհայտ իրողությունը, շտապում են դրան հակադրել Սերժ Սարգսյանի արտաքին ճակատում գրանցած ձեռքբերումները՝ ամեն կերպ գովաբանելով վերջինիս, այսպես ասած, նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը։ Առհասարակ որոշ քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում տիրաժավորել այն կարծիքը, թե՝ այո՛, գուցե Սերժ Սարգսյանը ներքին, սոցիալ-տնտեսական հարցերում այդքան էլ փայլուն չի աշխատում, ինչի մեղավորը, իհարկե, առաջին հերթին ոչ թե նա է, այլ նրա չափազանց մեծ վստահությունը վարչապետի հանդեպ, բայց ահա փոխարենը Սերժ Սարգսյանը պարզապես անգերազանցելի է իր արտաքին քաղաքական հաշվարկներում ու ձեռնարկած բազմակոմբինացիոն քայլերում։

Այդպես է արդյոք, թե ոչ՝ պարզ է դառնում անցած հինգ տարիներին Սերժ Սարգսյանի մի քանի նախաձեռնությունների արդյունքները դիտարկելով՝ սկսած հայ-թուրքական արձանագրություններից, ավարտած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումով։ Ընդ որում, այդ արտաքին քաղաքական «ձեռքբերումների» շարքում առկա են նաեւ այնպիսիք, որոնք, թվում է, պիտի չլինեին, քանի որ դրանք այն հարաբերությունների տիրույթում էին, որոնք լիովին կարգավորված էին դեռեւս Սերժ Սարգսյանի նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է, որոնց վասալ-սենյորային բնույթը չփոխելով հանդերձ՝ Սերժ Սարգսյանը հաջողացրեց դրանք որոշակիորեն վատթարացնել։ Ընդ որում, խոսքը ոչ թե 2011-ից շրջանառության մեջ դրված պուտինյան Եվրասիական միությանը չմիանալու, այլեւ դրանից ավելի վաղ՝ դեռեւս 2010թ.–ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից Ադրբեջանին վաճառված c-300 հակահրթիռային կայանների մասին է։

Այդ ժամանակ, իհարկե, իշխանական քարոզչամեքենան իր ռազմական փորձագետներով ու «անկախ վերլուծաբաններով» ամեն կերպ փորձում էր համոզել, որ ոչ մի սարսափելի բան չկա, որ դրանք ընդամենը պաշտպանական բնույթի համակարգեր են։ Սակայն այսօր արդեն անգամ ռուսական իշխանամերձ լրատվամիջոցներն են նշում, որ եթե ժամանակին Ռուսաստանն Ադրբեջանին չվաճառեր այդ համակարգերը, ապա այսօր Բաքուն չէր կարողանա հոխորտալ եւ սպառնալ խփել Ստեփանակերտի օդանավակայան թռիչք կատարող քաղաքացիական ինքնաթիռները՝ չունենալով Ղարաբաղի օդային տարածքը վերահսկելու հնարավորություն։

Եվ այս իրավիճակում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը կլինի Ստեփանակերտ մեկնող օդանավի առաջին ուղեւորը, զուտ քարոզչական բնույթ ուներ, որովհետեւ ով ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտեր, որ իր թույլ տված բացթողումների հետեւանքով այդ օդանավակայանը տեսանելի ապագայում դժվար թե գործարկվի:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել