Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեբուրաշկայի» ոգով ելույթ ունեցող Սիրանուշ Մկրտչյանը ՀՀԿ անդամ չէ

Հունվար 31,2013 11:28

Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում անցյալ շաբաթ Դավիթաշեն համայնքի կանանցից մեկի ելույթը «Չիբուրաշկայի» մոտիվներով, իսկական հիթ է դարձել սոցցանցերում։

Կինն իր բոցաշունչ ելույթում հայտարարել էր. «Պարոն Սարգսյան, (…), բոլորս հիշում ենք մեր լեգենդար, մեր մանկության ֆիլմերից մեկը, երբ շինարարությունն ավարտվում է եւ Չիբուրաշկան ասում է՝ մի ստրոիլի, ստրոիլի եւ նականեց պաստրոիլի, ուռա (…): Մեր կուսակցական ընկերների կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացաք ընտրել այսպիսի ղեկավարության համակարգ, տաղանդավոր ղեկավարության համակարգ (…): Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության արժեհամակարգ, հանձինս ձեզ»։

Երեկ մեզ հաջողվեց գտնել տիկնոջը եւ մի քանի հարց ուղղել նրան։ Նա Սիրանուշ Մկրտչյանն է. տեղեկություններ կային, որ Դավիթաշենի թաղապետարանում է աշխատում, նաեւ ՀՀԿ անդամ է, ինչպես ակնհայտ երեւում է ելույթից։ Բայց նա հերքում է դա։

Տիկին Սիրանուշ, ձեր ելույթը մեծ արձագանք ստացավ։ Նախօրոք էիք պատրաստվե՞լ։

– Դա շատ ինքնաբուխ եղավ եւ կոնկրետ իմ հարեւանները,  երբ իմացան, ասեցին՝ տո, շատ էլ լավ ես արել, բա էդ մարդիկ Դավիթաշենը ծաղկաշեն են դարձրել, բա չպիտի լինի՞ մեկը, որը վեր կենա ու այդ մարդկանց ոգեւորի, ներկայացնի նրանց աշխատանքը, եւ դա լինի բարի, պոզիտիվ նոտայի վրա, ոչ թե անշահախնդիր։ Ես չեմ աշխատում եւ ոչ մի ցանկություն էլ չունեմ աշխատելու, ճամպրուկներս էլ դրած, ես գնում եմ։ Հասկանո՞ւմ եք, ճամպրուկներս դրած, գնում եմ։ Ես ունեմ շատ մեդալներով ու սերտիֆիկատներով անցյալ եւ ոչ մի ակնկալիք չունեմ, էն որ գրել են, է՞… սապոնվել։ Գիտե՞ք ինչ, այսօր ոչ թե խոսքի ազատություն է, այլ ուղղակի սանձարձակություն է տիրում՝ դա նիզկովո ուռովնյա կուլտուրի, էլի։ Կուլտուրան էնքան է ցածրացել էս հայ ժողովրդի,  էնքան  են  անձարձակվել,  որ սրանց թվում է, թե դա խոսքի ազատություն է։

Գիշեր-ցերեկ են էդ մարդիկ աշխատում, է՜։ Պադյեզդները մտնեք, բավականություն կստանաք, վերելակները մտնեք, բավականություն կստանաք, այգիներում էրեխեքը խաղում են, էնպիսի պայմաններում են խաղում, որ Եվրոպայում էդպես չեն կարա խաղան, է՛, Եվրոպայում էդպիսի բակեր չկան։

Իսկ ինչո՞ւ եք երկրից գնում, եթե այդքան գոհ եք ամեն ինչից։

– Ես ամեն ինչից շատ գոհ եմ, ես գնում եմ ընդամենը մի ամսով, քրոջս մոտ հյուրընկալվելու։

Իսկ մասնագիտությամբ ի՞նչ եք, ասացիք՝ մեդալներ ունեք։

– Այո, ունեմ եւ ցանկություն էլ չունեմ աշխատելու, որովհետեւ ամուսինս չի թողնում։ Ես շատ գոհ եմ իմ կյանքից եւ ակնկալիք էլ չունեմ, որ ինչ-որ մեկը կարող է ինձ լսի ու առաջ տանի։ Իմ ղեկավարության մասին է խոսքը, Սերժի

մասին է խոսքը եւ այլն։ Մեր ժողովուրդը այնքան հոգեւոր, մարդկային արժեքների անկում է ապրում, ու եթե մի քաղաքացի իրա սրտաբուխ

խոսքն է ասում, դարձնում են սապոնվել, չիբուրաշկա։ Էդ ազնիվ մուլտֆիլմը դարձրել են չեմ իմանում ինչ՝ խիտովի հերոս, ձեռ առնելիք են դարձրել։ Դա մեր մանկության մուլտֆիլմն է, որ բոլորս նայելով, բարիացել, ազնվացել ենք,

իսկ էսօր ոչ բարություն կա, ոչ ազնվություն, ոչ մարդկություն։ Անկում է ապրում մեր հայ ժողովուրդը։ Էդ գրողները, որ գրել են սապոնվել, չիբուրաշկա…չար, նենգ, կեղտոտ մարդիկ են դրանք։ Ոչ մի ազնիվ նպատակ չունեն, ոչ մի մարդկային, հոգետր արժեք չունեն, դրանք ստոր մարդիկ են։

– Դուք ՀՀԿ անդամ եք, չէ՞։

– Ոչ։

Իսկ Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպման մասնակիցներն ինչպե՞ս էին ընտրվել, ո՞նց հայտնվեցիք այնտեղ։

– Ես ինքս բնակիչ եմ, շատ լավ գիտեմ Սերժ Սարգսյանի քարոզարշավը որտեղ, որ ժամին է, եւ բոլորն էլ կարող են գնալ, մեր նախագահի ելույթը լսել եւ ոգեւորվել։ Ես շատ լավատես, շատ բարի մարդ եմ, ես իմ հիվանդների օրհնանքով եմ եկել տուն։

Բժշկուհի ե՞ք։

– Ոչ, խնդրում եմ, մի հարցրեք։

Ձեր երեխաները աշխատո՞ւմ են։

– Կարեւոր չէ, ես արդեն վախեցած եմ, ես կորցրեցի իմ հավատը եւ էն մարդիկ, որոնք սկսեցին ընկնել իմ հետեւից… ես արդեն էնքան վախեցած եմ։

Ինչի՞ց եք վախեցած։

– Որովհետեւ շատ կեղտոտ, սանձարձակ բաներ սկսեցին գրել։ Իմ հետեւից ընկել են։ Էս քանի օրը ես շատ վատ… Այդ գրողների նկատմամբ ես այնքան չարացած եմ։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hasmik says:

    Վախեցած է, թող վախը չափել տա:
    ,,Անկեղծ,, ու սրտաբուխ, բայց անհամակցված խոսք է հնչել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031