Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել է «ապահով Հայաստանը». այն Եղվարդում է

Հունվար 31,2013 11:12

Serj_Sargsyan_2 Serj_Sargsyan_3Քարոզարշավի 11-րդ օրը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  հանդիպումները սկսեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքից: Մինչ նախագահի ժամանելը, Aravot.am-ը հանդիպմանը ներկաների հետ զրույցներում փորձում էր հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն քաղաքացիները, ովքեր մասնակցելու են հանդիպմանը: Ներկաներից շատերը խուսափում էին շփումներից: Իսկ նրանք, ովքեր պատասխանեցին մեր հարցերին, այնքան պայծառ ու լուսավոր ներկայացրին ամեն ինչ, որ  տպավորություն ստեղծվեց, թե ապահով Հայաստանը, որի փնտրտուքների համար ճանապարհ է ընկել գործող նախագահն ու հանրապետականի թեկնածուն, գտնվում է հենց Եղվարդում:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին այսօր ուղեկցում են  տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ ծագումով եղվարդցի՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Կեղծ խոստումներ տալ չեմ կարող, ազնիվ եմ եղել իմ նպատակադրումներում, ազնիվ եմ եղել իմ վարքով ձեր հանդեպ»,- եղվարդցիների հետ իր հանդիպումը այսպես սկսեց նախագահ Սարգսյանը, վստահեցնելով, որ չի հրաժարվելու  իր արածներից: Նաեւ խնդրեց վերահաստատել իր մանդատը, որպեսզի շարունակի կիսատ թողած քայլերը: Նախագահը հորդորեց, որպեսզի ազնիվ եւ արդար ընտրություններ կայանան անգամ այն պարագայում, եթե դրանց արդյունքում ինքը 5-7 կամ 10 տոկոս ձայն հավաքի:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը պատմեց նախորդ օրերին սահմանամերձ գյուղերում իր ստացած տպավորություններից: Ասաց, որ ծանր տպավորություն են թողել մեր երկրի այդ հատվածներում տների վրա մեծ ու ժանգոտ գոցված փականները: Այդ ամենից հետո նա չի կարողանում սառնասրտորեն հիշել հանուն հայրենիքի իրենց կյանքը տված տղաներին:  Դատարկվող գյուղերի պատկերը միակ բանն է, որ վրդովվեցնում է նախագահին:

Նախագահի թեկնածուն  անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական ոլորտին, որտեղ առկա մեծ ներուժը, իր գնահատմամբ, ամբողջությամբ չի օգտագործվում: Խոսեց բանկային համակարգը գյուղատնտեսության համար առավել ճկուն դարձնելու ծրագրերից, գյուղատնտեսական կոոպերացիաների իր ծրագրերից: Ասաց, որ առաջիկայում ավարտին կհասցնեն Կարսի, Վեդու, Եղվարդի ջրամբարների կառուցումը, ավելի փոքր տարողությամբ մի ջրամբար էլ Արմավիրի մարզում կկառուցվի: Պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձավ պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ոչ պատշաճ մակարդակին, ճանապարհաշինության հետագա ծրագրերին:

Նախագահի թեկնածուն չհամաձայնվեց եղվարդցի երիտասարդի այն դիտարկմանը, որ բանկային համակարգում բարձր տոկոսադրույքներ են գործում եւ դրանք մատչելի չեն հանրությանը: Սերժ Սարգսյանն ասաց, որ տարադրամային  վարկերի մասով միջին տոկոսները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 3%-ով, դառնալով 11%, ու հիշեց մոլլա Նասրեդինին. «Մոլլա Նասրեդինի պատմությունը հո չի՞, չենք կարող թանկ առնել՝ էժան ծախել»:

Նա խոսեց նաեւ աբխազական երկաթուղու շահագործման մասին, որը մեծ արդյունք կտա Հայաստանին՝ կապ ապահովելով ԱՊՀ երկրների հետ: Հիշեցրեց, որ վերջերս Վրաստանի վարչապետն էլ իր հայաստանյան այցում իրատեսական եւ վրացական կողմի համար ձեռնտու է համարել  երկաթուղու շահագործումը, ու ասաց, որ այժմ տեխնիկական խնդիրների վրա  են աշխատում, որոնք ապահովելու են երկաթուղու շահագործումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031