Ամեն անգամ, երբ հրապարակվում է խոշոր հարկատուների ցանկը, համոզվում ես, որ մեր տնտեսությունը անշեղորեն գնում է դեպի Սերժ Սարգսյանի պատկերացրած «ապահով Հայաստան»։
Այնպիսի Հայաստան, որտեղ մեր օլիգարխները, իրենց ավելի ու ավելի ապահով են զգալու։ Այսինքն դա լինելու է մի Հայաստան, որտեղ տնտեսությունը էլ ավելի է կենտրոնանալու մի քանի հոգու ձեռքին, եւ նրանք այնքան էլ «մտահոգված» չեն լինելու հարկ վճարելու դարդերով։ Եվ ուրեմն, մի թեթեւ ուսումնասիրենք Պետեկամուտների կոմիտեի՝ երեկ հրապարակած հազար հարկատուների ցանկը։
Սկսենք հենց այն ընկերություններից, որոնք այս կամ այն ձեւով կապվում են հենց պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Այդպիսիններից է «Մեգամոթորս» ընկերությունը, որը 2011-ին վճարել էր 358 միլիոն դրամի հարկ, իսկ այս տարի՝ 205 միլիոն դրամ։ ՊԵԿ նախագահի անվան հետ է կապվում նաեւ «Ապեյրոն» ընկերությունը, որը 2011-ին վճարել էր 745 միլիոն, իսկ 2012-ին՝ 456 միլիոն դրամ։
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից «Մուլտի գրուպը» 2011-ին վճարել էր 375 միլիոն դրամ, 2012-ին արդեն՝ 304 միլիոն։ Բայց այս նվազումը ոչինչ է, եթե այն համեմատենք նրա մեկ այլ ձեռնարկության՝ Արարատի ցեմենտի գործարանի ցուցանիշների հետ։ Հայաստանում 2011 եւ 2012 թվականներին ցեմենտի արտադրության ծավալների փոփոխություն, գրեթե չի արձանագրվել։ Բայց «Արարատ ցեմենտի» վճարած հարկերը 1 միլիարդ դրամից նվազել է 667 միլիոն դրամի։
Կարդացեք նաև
Հայաստանի երկրորդ ցեմենտի գործարանը՝ «Միկա ցեմենտը», որը պատկանում է մեկ այլ հայտնի մեծահարուստի՝ Միխայիլ Բաղդասարովին, 2011-ին վճարել է 233 միլիոն դրամ հարկ, իսկ 2012-ին ընդամենը 153 միլիոն դրամ։ Եւ ուրեմն ի՞նչ է ստացվում։ Հայաստանում ցեմենտ արտադրում են միայն նշված երկու ձեռնարկությունները։ Ցեմենտի արտադրության ընդհանուր ցուցանիշը 2011-ին եւ 2012-ին չի փոխվել։ Բայց արի ու տես, որ ցեմենտի արտադրությունից հարկերը նվազել են մոտ 35 տոկոսով։ Իհարկե, կարող են այս նկատառմանը հակադարձել, թե հնարավոր է, որ ցեմենտի մի մասը արտահանվել է, եւ դա է պատճառը, որ հարկերը նվազել են, քանի որ արտահանումը ազատված է ԱԱՀ-ից։ Ճիշտ է, ցեմենտ արտահանվել է, բայց դա ընդհանուրի մի չնչին մասն է կազմում, եւ արտահանումը կարող էր նվազեցնել հարկերը 1-2 տոկոսով ընդամենը։ Իսկ գուցե իրականում ցեմենտի արտադրությունը նվազե՞լ է, իսկ գուցե այստեղ ստվերը էլ ավելի՞ է խորացել։
Այս հարցերի պատասխանները կփորձենք գտնել առաջիկայում։
Բայց այն, ինչ արձանագրվել է ցեմենտի արտադրության հարկերի ծավալներում, պարզապես մանկական խաղ է շաքարի արտադրության մեջ արձանագրված ցուցանիշների ֆոնին։ Այն, ինչ կատարվել է այստեղ, ուղղակի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այսպես, Հայաստանում շաքար արտադրող միակ ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»–ը, որը ինչպես պնդում է ԱԺ պատգամավոր, հռչակավոր Սամվել Ալեքսանյանը, չի պատկանում, բոլորովին չի պատկանում իրեն, 2011-ին արտադրել է 54 հազար տոննա շաքարավազ եւ, որպես հարկ, վճարել է 2.7 միլիարդ դրամի հարկ։ Իսկ ահա 2012-ին այդ նույն գործարանը արտադրել Է 50 հազար տոննա շաքարավազ, բայց պետական բյուջե է վճարել ընդամենը 127 միլիոն դրամ։ Այսինքն, շաքարի արտադրությունը նվազել է մի 10 տոկոսով, բայց վճարած հարկերը նվազել են 21 անգամ։
Բացի այդ, նույն ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տվյալներով, «Լուսաստղ Շուգր»-ում նույնիսկ 100 մարդ չի աշխատում, այն դեպքում, երբ երեք տարի առաջ Սերժ Աարգսյանը այցելելով այդ գործարան՝ պնդում էր, թե այդտեղ 700 մարդ է աշխատում եւ աշխատողների թիվը տարեցտարի ավելանալու է։ Թե ինչ է կատարվել շաքարավազի արտադրության ոլորտում, կարելի է միայն կռահել։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»