Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ու՞ր են կոռուպցիայի դեմ ձեր վիրահատական մեթոդները. Վարչապետը չհարգեց նախագահի պահանջը

Հունվար 31,2013 10:40

«Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնությունները դեռ 2012 թ. հոկտեմբերի 25-ին հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված, իսկ նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարություն պաշտոնապես մուտք արված և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված իրենց դիմումով վերջինից պահանջել են «օգտվել ՀՀ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին տրված լիազորությունից, որպես վերադաս մարմին վերջապես պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարարին և բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մեղքով ու հանցավոր անգործության պատճառով տուժել է բնությունը և պետությանը հասցվել է զգալի վնաս»:

Հիշյալ նախաձեռնությունները միաժամանակ պահանջել են քննարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Անցյալ ժամանակով չենք գրում, որովհետև այդ պահանջներն առ այսօր էլ մնում են ուժի մեջ:

Նշենք նաև, որ հիշյալ պահանջներն ինքնանպատակ, անհիմն և անարդարացի չեն, չեն հետապնդում անձնական խնդիրներ: Քաղաքացիական նախաձեռնություններն իրենց դիմումի հենց սկզբում նշել են. «Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի»:

Իսկ ինչպե՞ս է արձագանքել վարչապետը վերոնշյալ դիմումին: Միանգամից ասենք` խայտառակ կերպով: Նախ խախտել է դիմումին պատասխանելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված 30-օրյա ժամկետը: Երկրորդ. այն բանից հետո, երբ դեկտեմբերի 18-ին նրան հիշեցման կարգով երկրորդ գրությունն է ուղղվել, նշված նախաձեռնությունները ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացվել են, որ իրենց դիմումը վերահասցեագրվել է ՀՀ բնապահպանության նախարարություն կամ նախարարին, այսինքն` նրան, ում դեմ բողոքել, ում (իր համապատասխան ենթականերով հանդերձ) հանցավոր անգործության մասին նշել, պատասխանատվությունն ու պաշտոնանկությունն են պահանջել հիշյալ քաղաքացիական նախաձեռնությունները: Պակաս ուշագրավ չէ և այն, որ դիմումին պաշտոնապես պատասխանելու փոխարեն, վարչապետն այն վերահասցեագրել է բնապահպանության նախարարություն կամ նախարարին` հանձնարարելով քաղաքացիական նախաձեռնությունների հետ քննարկել նրանց դիմումում արծարծված հարցերը, այսինքն նաև` իր (նախարարի) և բնապահպանության նախարարության հանցավոր անգործություն դրսևորած այլ պաշտոնյաների պատասխանատվության հարցը: Հիշյալ նախաձեռնությունները, բնականաբար, հրաժարվել են 2012 թ. դեկտեմբերի 20-ի այդ քննարկմանը մասնակցել և վարչապետից պահանջել են պաշտոնապես պատասխանել դեռ նոյեմբերի 5-ին իրեն ներկայացված դիմումին, այլ ոչ թե վերահասցեագրել դրանք այլ պետական մարմինների:

Նման վարվելակերպը նույնիսկ զավեշտ չես անվանի: Կարծում ենք, այն կատարյալ ծաղրուծանակ է հիշյալ քաղաքացիական նախաձեռնությունների և, ընդհանրապես, Հայաստանում քաղաքացիական հասարակության նկատմամբ, որոնց մասին, նրանց դերն ու նշանակությունը կարևորելով, վարչապետը հաճախ դրական է արտահայտվում, հավանաբար, մոդայիկ երևալու և քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու վստահությունը շահելու նպատակով:

Ավելին. վարչապետի վերոնշյալ անգործությունը, դիմումում բարձրացված խնդիրների ուսումնասիրությամբ չզբաղվելը կամ այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելը, հիշյալ քաղաքացիական նախաձեռնությունների պահանջներն արհամարհելը` անկախ դիմումում նշված և, անհրաժեշտության դեպքում, խոստացված լրացուցիչ փաստարկների հիմնավորվածությունից, նախարարին պատասխանատվության չկանչելու, պաշտոնանկ չանելու դիտավորության կամ վարչապետի ներքին որոշման դրսևորումն են և, կարծում ենք, նաև արտահայտությունը քաղաքական կոռուպցիայի: Ընդգծենք, որ և ՀՀ վարչապետը, և բնապահպանության նախարարը նույն կուսակցության` ՀՀԿ խորհրդի անդամներ են:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ 2012թ. նոյեմբերի 1-ին, երբ ԶԼՄ-ներում արդեն հրապարակվել էր վարչապետին ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների հիշյալ դիմումը, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստում հանդես գալով ներածական խոսքով, ասել է. «Հարգելի գործընկերներ, հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել` կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում (հետաքրքիր է` քի՞չ է կոռուպցիան…- Ա. Հ.): Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի: Վաղը ես հրավիրել եմ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Որպեսզի այս բնագավառում մենք ունենանք հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»:

Վերևում արդեն փաստեցինք, թե վարչապետն ինչպես է պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը և այդ պայքարում վիրահատական մեթոդների կիրառումը, ինչպես է հարգում ՀՀ նախագահի պահանջը, ինչպես է էապես ուժեղացնում համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ կամ գիտակցում դրա անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած` ահա կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության հետ այդ առումով համագործակցության անհրաժեշտության հարցերում վարչապետ Տիգրան Սարգսյանի անկեղծ չլինելու վկայությունը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031