«Հռետորիկ հարցով պատասխանում եմ Զուրաբյանին, որ մեր կուսակցության անդամներն ու ես 97 թվականից դիմադրողական շարժման առաջին ճակատում ենք եղել, եթե նույնիսկ հոգնենք, ամոթ չէ: Համենայնդեպս, մեր հոգնածությունը հասարակությունը չի ընկալում, որովհետեւ իրավունք չունենք ցույց տալու: Իսկ որ 5 տարի որոշ մարդիկ կաբինետային ընդդիմություն են խաղում ու կոչ են անում մշտապես առաջին գծում եղած մարդկանց սթափվելու եւ այլ առաջարկներ են անում, մեղմ ասած, բարոյական չէ»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հորդորներին:
Հիշեցնենք, պարոն Զուրաբյանը վերջերս ՀԱԿ-ի պառակտման մասին բարձրաձայնողներին հորդորել էր չնյարդայնանալ, սթափվել, հակառակ դեպքում փոշմանելու են:
«Թող 10 տարի էլ անցնեն այն ճանապարհը , որ անցել են մեր կուսակցության անդամները, այդ ժամանակ այդ կոչն ընկալելի կլինի»,- հավելեց պարոն Մակեյանը:
Անդրադառնալով կրկին Զուրաբյանի պնդմանը, թե դիմադրության շարժումը հասնելու է հաղթական ավարտին, պարոն Մակեյանն ասաց. «Մեր հասարակությունը ընդդիմադիր է եւ կարող է լինել լուրջ մասնակից դիմադրողական շարժման, բայց պետք է քաղաքական լիդերները հրապարակ բերեն հասարակությանը: Դա հնարավոր է, եթե քայլերը ճշգրիտ լինեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ