Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմին անդամ. «Նախագահը նման խորհուրդների կարիք չունի»

Հունվար 30,2013 21:08

Դ.Հարությունյանը կարծում է, որ մտերմիկ զրույցը դարձավ քննարկման առարկա, որովհետեւ սկանդալ ստեղծելու ցանկություն կար

«Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»,- երեկ սահմանամերձ Մովսես գյուղում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հարցրել էր տեղի տարեց մի բնակչի` ի պատասխան ստանալով. «Ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»: Նախագահը վրդովվել էր. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Մովսեսցին էլ պատճառաբանել. «Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- չենթադրելով, որ այդպիսով էլ ավելի է բարդացնում իրավիճակը: «Գյուղում զավոդ լինե՞ր: Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»,- նեղսրտել էր Սերժ Սարգսյանը: Նախագահի դիտարկումները`«խիարի» թարս բուսնելու մասին, սկանդալային դարձան:

Կոռե՞կտ է, որ մարդն, ով հինգ տարի ղեկավարել է պետությունը եւ առաջիկա հինգ տարիներին եւս պատրաստվում է ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը` լինելով մարզերում, սահմանամերձ գյուղերում, չի փորձում տեղում, առաջին ձեռքից ծանոթանալ խնդիրներին, դրանք ծնող պատճառներին, դեռ մի բան էլ ինքն է նեղվում ու նեղսրտում` երեսին ասված ճշմարտությունից: Aravot.am-ի այս գնահատական-դիտարկումը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը չի կիսում: Ինչ մնում է խնդիրներին, վստահեցնում է, որ նախագահը լավագույնս տիրապետում է ողջ ինֆորմացիային: Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ նախագահը չփորձեց գոնե դիվանագիտորեն շրջանցել հարցը` լրատվական սկանդալից խուսափելու համար: «Երբեմն սկանդալը ստեղծվում է, որովհետեւ սկանդալ ստեղծելու ցանկություն կա»,- իր հերթին մեղադրանքներ հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա չի կարծում, որ նախագահն այնպիսի իրավիճակում էր, որ դիվանագիտական, խուսափողական քայլեր պետք է աներ. «Յուրաքանչյուրիս հետ լինում են այնպիսի պահեր, երբ դու բռնվում ես մտերմիկ զրույցի եւ ոչ թե հրապարակայնորեն ես հանդես գալիս, եւ երբեմն այդ մտերմիկ զրույցը դառնում է բուռն քննարկումների առարկա, ինչպես եղավ տվյալ դեպքում»:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը` գուցե նախագահին իր թիմակիցները խորհուրդ տան, որպեսզի խուսափի բանավոր խոսքերից, քանի որ յուրաքանչյուր նման դեպքը համանման մի անհարմար իրավիճակ է ստեղծում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, նախագահը նման խորհուրդների կարիք չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ կարծիքով,՝ նախագահը ոչ մի խորհրդի կարիք չունի: Քանի որ նրա զենքը՝
    կրակելն է, ինչպես մարտի 1-ին: Արթնացեք ժողովուրդ, արթնացեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031