Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Ես որեւէ ափսոսանք չունեմ»

Հունվար 30,2013 20:32

ԲՀԿ պատգամավորն արդեն որոշել է, թե ում է ընտրելու

«Կարծում եմ, որ դեռեւս ամեն ինչ առջեւում է եւ քաղաքականության մեջ ես իմ ներդրումը կշարունակեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հարցին՝ դուք ակտիվ քաղաքական գործիչ եք, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին,  կա՞ ափսոսանք, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չէ: Ի՞նչ ափսոսանք: Նպատակը եթե այն է, որ ինչ-որ բան ափսոսայինք, գոնե այդ հարցում ես կարծում եմ, որ ձախողվեց: Ես իմ գործունեությամբ՝ եւ «Սիվիլիթասի» մասով, եւ իմ քաղաքական գործունեությամբ ամեն ինչ արել եմ, որեւէ ափսոսանք չունեմ»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որոշմանը որեւէ մեկին չսատարելու եւ սեփական թեկնածուն չունենալու վերաբերյալ՝ պարոն Օսկանյանը նշեց. «Երբ այդ որոշումը կայացրեց, ես իմ տեսակետը այդ օրերին էլ հայտնել եմ եւ այսօր էլ նույն կարծիքին եմ: Ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը: Դա իր անձնական որոշումն է եղել: Իհարկե, ես այլ կերպ կցանկանայի, որ զարգացումները լինեին, բայց, համենայնդեպս, պարոն Ծառուկյանն այդպես որոշեց, եւ քաղխորհուրդը այդ եզրակացության հանգեց: Ես, որպես կուսակցության անդամ վերջապես, հարգում եմ, եւ մենք շարունակելու ենք քաղաքական ներգրավվածությունը՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից»:

Թե պատճառները իրականում որոնք էին, որ Գագիկ Ծառուկյանը նման որոշում կայացրեց, ըստ Վարդան Օսկանյանի, դրանք որոշ չափով հայտնի են. «Ես կարծում եմ,  որ ինչ-որ տեղ բացատրվեց այդ ամեն ինչը: Դա եղել է կուսակցության, պարոն Ծառուկյանի որոշումը: Ես ձեզ վստահեցնում եմ , որ ճիշտ պահին, երբ ավելի հարմար եւ բարենպաստ կլինեն պայմանները, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք»:

Հայտնի է, որ ԲՀԿ-ի որոշ հատված սատարում է Սերժ Սարգսյանին: Այսօր այդ մասին հաստատեց նաեւ «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Հարցին՝ դուք որպես ԲՀԿ-ական ո՞նց եք վերաբերվում այդ ամենին, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր անհատ կարող է  իր անձնական որոշումը կայացնել: Կուսակցության որոշումը շատ պարզ է»:

Հարցին՝ Դուք ո՞ւմ եք ընտրելու, Վարդան Օսկանյանը պատասխանեց դիվանագիտորեն. «Բնականաբար ես գիտեմ ում եմ ընտրելու: Երբեք չեմ հրապարակի: Եթե որեւէ  նախկին նախագահական ընտրություններին հրապարակած լինեի, միգուցե ձեր հարցումն արդարացված կլիներ: Բայց ես երբեք չեմ հրապարակել: Ամեն մարդ ազատ է իր որոշման մեջ: Ես արդեն իմ որոշումը կայացրել եմ: Դրա մասին հրապարակային չեմ ասելու»: Նա չասաց նաեւ՝ իր նախընտրած թեկնածուն ընդդիմությա՞ն թեկնածուն, է, թե՞ իշխանության:

Վարդան Օսկանյանը ընդդիմություն է եղել ԲՀԿ-ում: Հարցին՝ շարունակելո՞ւ եք նույն ոգով, արդյոք արդարացվա՞ծ է, որ ԲՀԿ-ն զուրկ մնաց քաղաքական հիմնական գործընթացներից, նա պատասխանեց. «Ես այդ տեսակետները չեմ կիսում: Որեւէ բան նախագահական ընտրություններով չի ավարտվում: Քաղաքական գործընթացները դեռեւս մեր առջեւում են, եւ կարծում եմ, ԲՀԿ-ում հետագայում շարունակելու է, եւ ես հատկապես ակտիվ ներգրավվածություն եմ ունենալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031