Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի շատ երկրներից:
«Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական եւ սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը: Միաժամանակ, Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի շատ երկրներից»,-այս մասին խոստովանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ՀՀ կառավարությանը ներկայացրած ՀՀ գենդերային քաղաքականության 2013 թվականի միջոցառումների ծրագրում: Վաղը ՀՀ կառավարության նիստում կքննարկվի նաեւ այս հարցը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայք էջում տեղադրված հունվարի 31-ի նիստի օրակարգից:
Արտեմ Ասատրյանը ծրագրի կարեւորությունն ընդգծելու համար որոշման նախագծում գրում է. «Փորձագիտական դիտարկումները վկայում են, որ չնայած կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը, ՀՀ Սահմանադրության մեջ (14.1 հոդված), եւ սեռի սկզբունքով խտրականության արգելքին, գործնականում, ՀՀ-ում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է եւ հասարակության մեջ պահպանվող եւ նույնիսկ ամրապնդվող գենդերային դերերի ավանդական ընկալումները»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ