Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը հունվարի 30-ի դռնփակ նիստում պարզաբանումներ է լսել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից:
Պատգամավորը ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողով է հրավիրվել՝ 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին վարույթ վերցված` «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի շրջանակներում:
Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելուց` մատնանշելով ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջը: Ըստ այդմ, մինչև հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ:
Դիմումը հրապարակել էր ՀԿ նախագահը: Ըստ այդմ հայտնի էր դարձել, որ դիմումատուն, մասնավորապես, խնդրել էր քննության առնել պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և հեռախոսով բանակցում վարձակալության պայմանների շուրջ ու առաջարկում տարածքներ: