Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերը գոհ է հայ ուսանողուհուց

Հունվար 30,2013 17:37

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) 2012-2013թթ. համերգաշրջանի 2-րդ մասը մեկնարկում է փետրվարի 1-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում գերմանացի աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերի մասնակցությամբ համերգով: Այս մասին այսօր` «Արամ Խաչատրյան»  համերգասրահում լրագրողներին հայտնեց ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանը:

ՀՊՖն-ի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ  կայանալիք համերգին կհնչեն Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան եւ Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը, իսկ Գլեմզերը հանդես կգա որպես մենակատար. «Ուրախ ենք, որ հանդես ենք գալու մեր կողմից սիրված մենակատարի հետ, որն աշխարհի լավագույն դաշնակահարներից է: Ինչպես հայտնի է, Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը դժվար է կատարել, բայց Գլեմզերն առավել քան լավ է նվագում: Բացի նրանից, մեզ հետ հանդես կգա նաեւ Իսպանիայից ժամանած պիկոլո ֆլեյտահարուհի Սառա Ուռենյա Կաբրերան, ով հիանալի ֆլեյտահարուհի է: Ընդհանուր առմամբ` մենք լավ պատրաստվել ենք համերգին»:

Բերնդ Գլեմզերը նշեց, որ ուրախ է հերթական անգամ Հայաստանում գտնվելու եւ հայ գործընկերների հետ համագործակցելու համար. «Հատկապես հաճելի է Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցությունը, որը  ոչ միայն  անձնական, այլեւ այսպես կոչված երաժշտական մակարդակի վրա գտնվող շփում է: Ընդհանուր առմամբ` հասկանում եմ, ու Հայաստանում լավ են ընդունում դասական երաժշտությունը»: Դաշնակահարը փաստեց, որ ներկայումս ունի հայ ուսանողուհի` Կոնսերվատորիայի սան Մարիաննա Ուզանկիչյանը. «Նա շատ է աշխատում ու պարապում: Ժամանակ առ ժամանակ նրան ասում եմ` գուցե ուրի՞շ բանով էլ զբաղվես, բայց նա նպատակասլաց է, ես գոհ եմ նրանից: Վերջերս էլ Մարիաննային ասացի, որ օրական 8 ժամից ավել չպարապի: Առհասարակ, կուզենայի, որ գերմանացի ուսանողները գոնե 3 ժամից ավել պարապեին: Ընդհանուր առմամբ` անկախ այն հանգամանքից, որ Գերմանիայում խորն են դասական երաժշտության ավանդույթները, երիտասարդությունը չի հաճախում դասական համերգների: Դժվարանում եմ այդ հարցում համեմատել հայ եւ գերմանացի երիտասարդների նախասիրությունները, որովհետեւ չգիտեմ` հարցը Հայաստանում ինչպես է դրված»:

Խնդրի շուրջ պարոն Թոփչյանը հավելեց, որ գերմանացի երիտասարդները հաճախ չեն կարող տոմս գտնել, առավել եւս` գնել. «Երբ Գերմանիայում հայտնի երաժիշտ է համերգ տալիս, տոմս կարելի է  գնել մինիմում 30 եվրոյով, էլ չեմ ասում` 100 եւ 200 եվրո արժողությամբ տոմսերի մասին»:

Ռուզան Սիրունյանը նաեւ ասաց, որ նվագախումբը ակտիվ համագործակցում է բուհերի հետ. «Ֆրանսիական, Լեզվաբանական եւ Սլավոնական համալսարանների ղեկավարությունը տվել է համաձայնություն` համերգների տոմսերը զեղչերով ձեռք բերելու եւ ուսանողությանը դասական երաժշտության համերգներին մասնակից դարձնելու համար: Դա արդեն իսկ ձեռքբերում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031