Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիտողական կաբինետները փակվեցին, քաղցկեղի վիրահատությունները նվազեցին (Տեսանյութ)

Հունվար 30,2013 17:26

Կաբինետները 90-ականների սկզբին փակեցին` գումար տնտեսելու համար, սակայն, արդյունքում քաղցկեղը չեն կարողանում վաղ հայտնաբերել եւ վիրահատել, իսկ կառավարությունն էլ ոչինչ չի անում այդ կաբինետները վերականգնելու համար

Քաղցկեղը ախտորոշում է, ոչ թե դատավճիռ, դրա դեմ պայքարը պետք է սկսել նախ հասարակության շրջանում առողջ ապրելակերպի քարոզից, մարդկանց գիտակցության բարձրացումից, մասնագետների ճիշտ կրթումից ու առաջնային բուժօղակներում ճիշտ ախտորոշումից մինչեւ ճիշտ բուժում: Այս կարծիքին են ինչպես տեղական մասնագետները, այլեւ՝ ԱՊՀ մի շարք երկրների:

Այսօր «Նովոստի Արմենիա» լրատվական կենտրոնում քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, Մոսկվա-Երեւան-Աստանա-Քիշնեւ-Թբիլիսի-Բաքու-Կիեւ հեռուստակամուրջ էր կազմակերպվել, որի ընթացքում մասնագետները ներկայացրեցին իրենց երկրում քաղցկեղի բուժման մեթոդներն ու խնդիրները. ընդհանուր առմամբ հեռուստակամրջին  մասնակից երկրներում նույն խնդիրներն են:

Aravot.am-ի հարցին, թե ո՞րն է արդյունավետ միջոցը քաղցկեղի դեմ պայքարի եւ ի՞նչ է անհրաժեշտ վաղ հայտնաբերման եւ բուժման համար, Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն ասաց, որ անհրաժեշտ է առողջ ապրելակերպի դրդել հասարակությանը, իսկ կարեւորագույն քայլը պիտի սկսվի հենց առաջնային բուժօղակներից:

Պարոն Բազիկյանի փոխանցմամբ` դեռեւս խորհրդային տարիներին պոլիկլինիկաներում կային դիտողական կաբինետներ, եւ երբ քաղաքացին որեւէ տեղեկանքի համար դիմում էր տեղամասային պոլիկլինիկա, նա անպայման պիտի այցելեր այդ կաբինետ, որտեղ հատուկ քսուք էր անձից վերցվում` պարզելու քաղցկեղի գոյությունը: Սա բավականին արդյունավետ միջոց էր, եւ ըստ պարոն Բազիկյանի, հնարավոր էր վաղ շրջանում հիվանդությունը հայտնաբերել, ապա վիրահատել եւ մարդու կյանքը փրկել:  Սակայն 90-ական թվականներին, ֆինանսական խնայողությունների պատրվակով, այդ կաբինետները փակվեցին, եւ ինչպես մասնագետն իր փորձից ելնելով վստահեցրեց, որ կաբինետները փակելուց հետո վիրահատություններ քիչ է անում, քանի որ դա թույլատրելի է հիվանդության վաղ շրջանում, այսինքն`ոչ թե հիվանդությունն է նվազել, այլ մարդիկ դիմում են արդեն ծայրահեղ վիճակում, երբ վիրահատությունը հակացուցված է:

Մեր այն հարցին, արդյոք հնարավո՞ր չէ վերականգնել այդ կաբինետները, պարոն Բազիկյանն ասաց, որ դիմել է կառավարություն, սակայն արձագանք չկա: Բացի այս, պարոն Բազիկյանը նաեւ ավելացրեց, որ քաղցկեղը շատ նենգ հիվանդություն է եւ շատ հաճախ թոքաբորբի կամ դաշտանային ցիկլի խանգարման տակ հնարավոր է քաղցկեղ թաքնված լինի, ուստի շատ կարեւոր է, որ  ընտանեկան բժիշկներն ու պոլիկլինիկայի մասնագետները կարողանան ճիշտ ախտորոշել ու համապատասխան մասնագետի մոտ ուղեգրել:

Մեր այն հարցին էլ, որ Հայաստանում քիմիոթերապիան այնքան էլ զարգացած չէ, եւ բարձր դոզա ստանալու համար, որը միակ փրկությունն է, հիվանդները մեկնում են արտերկիր, պարոն Բազիկյանն ասաց, որ այո, մեզ մոտ բարձր դոզայով քիմիաթերապիա հնարավոր չէ տալ:

Մանրամասները` տեսանյութում

Հեռուստակամուրջին մասնակից Վրաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Ռեզո Գագուային էլ  ասաց, որ քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ բուժման համար շատ կարեւոր է բժշկական ապահովագրությունը, որն արդեն գործում է իրենց երկրում, սակայն այստեղ խիստ անհրաժեշտ է պետության մասնակցությունը, եւ վրացական կառավարությունն արդեն ծրագիր է մշակում, որպեսզի յուրաքանչյուր վրացի  հնարավորություն ունենա պետապահովագրության հաշվին ստանալ քաղցկեղի հետազոտություն եւ բուժում: Հեռուստակամուրջի բոլոր մասնակիցներն էլ հաստատեցին, որ բժշկական ապահովագրությունը, եւ դրանում պետական մասնակցությունը քաղցկեղի դեմ պայքարում լուրջ դեր կարող է ունենալ:

Հեռուստակամուրջին մասնակից Օքսֆորդի համալսարանից հրավիրված պրոֆեսոր Դավիթ Զարիձեի քաղցկեղի դեմ բուժման նորագույն մեթոդների մասին`  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031