Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհ­րա­բյանին ու Էլինար Վարդանյանին կառավարությունը մերժել է

Հունվար 30,2013 17:22

Վարչապետը գտնում է, որ Նաիրա Զոհ­րա­բյանի ու Էլինար Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությունը ժամանակավրեպ է եւ հակասահմանադրական

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհ­րա­բյանն ու Էլինար Վարդանյանը

օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան կար­գով ՀՀ կառավարությանն առաջարկել էին ՀՀ քրեական, քրեակատարողական օրենսգրքերում եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրեն­քում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, ինչը, սակայն, ՀՀ կառավարության բացասական եզրակացությանն է արժանացել: Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքէջում տեղադրված նիստի օրակարգից, Տիգրան Սարգսյանն այդ որոշումը հիմնավորում է նախագծի ժամանակավրեպ եւ հակասահմանադրական լինելով: Ըստ վարչապետի, նախագծի ընդունման դեպքում ցմահ ազատազրկման դատապարտված եւ հանցանքը կատարելու պահին դատվածություն չունեցող անձը հնարավորություն է ստանալու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել 10 տարի ազատազրկում կրելուց հետո, ինչը կարճ ժամկետ է` արարքի ծանրության համեմատությամբ. «ՀՀ քրեական օրենսգրքի սանկցիաների ուսումնասիրությունից բխում է, որ ցմահ ազատազրկում պատժատեսակը սահմանվում է ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության, պետական, քաղաքական, հասարակական գործչի սպանության եւ խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների համար: Տվյալ հանցագործությունների համար, որպես կանոն, սահմանվում է պատիժ` 12-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման համար 10 տարի ժամկետ սահմանելու պարագայում ստացվում է, որ նման առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք կարող են պատժից ավելի շուտ ազատվել, քան տվյալ հանցագործության համար սահմանված նվազագույն ժամկետը»,-կին պատգամավորներին բացատրում է Տիգրան Սարգսյանը:

Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների վերաբերյալ էլ վարչապետը նկատում է, որ ըստ նախագծի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման` նախորդող հինգ տարիների ընթացքում տույժ չունենալու եւ ազատազրկման ոչ պակաս, քան 10 տարին փաստացի կրելու պարագայում. «Սակայն տույժ չունենալու հանգամանքն անձի դրական վարքագիծը եւ ուղղվելու փաստը հավաստող չափանիշներից միայն մեկն է: Որպես այլ չափանիշներ կարելի է նշել` հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելը, տուժողի հետ հաշտվելը, պատիժը կրելու ընթացքում ավելի բարձր կրթական մակարդակ ստանալը եւ այլն»:

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր մերժումը վարչապետն այսպես է հիմնավորել. «Օրենքի գործող նորմը սահմանված է այն տրամաբանությամբ, որ ծանր կամ առնվազն 2 անգամ դիտավորյալ հանցագործության համար ազատազրկման վայրում 3 տարուց ոչ պակաս ժամկետով պատիժ կրած անձի կողմից բացասական բարքեր ունե­նա­լու հավանականությունը մեծ է, որի պարագայում նշված անձը զինվորական ծառայության մեջ կա­­րող է հանդիսանալ հանցածին բարքերի կրող կամ տարածող: Այս առումով գտնում ենք, որ պատ­ժի կրման ընթացքում անձի կողմից քրեորեն հետապնդելի այլ արարքներ չկատարելը բա­վա­րար հիմք չէ վերը նշված տրամաբանությունը բացառելու համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031