Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանների կրկնավաճառքից տուժած քաղաքացիների գործով նիստը կրկին հետաձգվեց

Հունվար 30,2013 17:02

Բնակարաններ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Գագիկ Պապոյանը միջնորդեց գործը քննել արագացված դատաքննության կարգով: Դատարանը միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց՝ տուժողներին ժամանակ տալով հստակեցնելու իրենց դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ այս գործով որպես տուժող են անցնում նորակառույց շենքերի բնակարանների կրկնավաճառքներից տուժած հարյուրավոր քաղաքացիներ։

Դատարանը չսկսեց նաև դատաքննությունը և կրկին նիստը հետաձգեց՝ կրկին մյուս մեղադրյալ Սիմոն Աղազարյանի հիվանդության պատճառով։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, քննվող այս գործով դատական նիստն արդեն երրորդ անգամ հետաձգվում է նույն ամբաստանյալին՝ Սիմոն Աղազարյանին դատարան չներկայացնելու պատճառով՝ նրա հիվանդ լինելու հետևանքով: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների, ամբաստանյալը նախօրեին հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը «խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը»:

Սիմոն Աղազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

Այսօրինակ մեկ այլ քրեական գործով Սիմոն Աղազարյանն արդեն դատապարտվել է երկարատև ազատազրկման։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031