Լրահոս
Օրվա լրահոսը

Առատ ձյան պատճառով շրջափակումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կենտրոնական և ներքին ճանապարհներին։ Ինչպես են Նինոծմինդայում պայքարում դժվարությունների դեմ

Հունվար 30,2013 16:56

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմեռը խիստ է ու ձյունառատ։ Ուժեղ քամիներն ու ձյունը ճանապարհներին հաճախ արգելակում են մեքենաների ու մարդկանց երթևեկությունը։ Դա տեղի է ունենում ինչպես մունիցիպալիտետի ներքին ճանապարհներին, այնպես էլ Հայաստան տանող կենտրոնական ճանապարհին։

Մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները հաճախ ձնաբուքի և ձյան պատճառով փակվում են։ Ճանապարհներին մնացած մարդկանց օգնում է Նինոծմինդա քաղաքի հրշեջփրկարար ծառայությունը։

Նինոծմինդայի հրշեջ-փրկարար ծառայությունում, որը սպասարկում է մունիցիպալիտետի 32 գյուղերին և անմիջականորեն քաղաքին, աշխատում է երեք փրկարար։ Ծառայությունն ունի երեք մեքենա, այդ թվում ԳԱԶ 66 մեքենան, սակայն մեքենա, որը կարող է մեքենաները դուրս բերել ձյան շրջափակումից, այն քաշել տանել և օգնել մարդկանց, միայն մեկն է։

Հրշեջ-փրկարար ծառայությունը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Այս տարի բյուջեից ծառայության համար առանձնացվել է ընդամենը 176 000 լարի։

Հրշեջ-փրկարար ծառայության տնօրեն Վահան Մարգարյանն ասաց, որ կրկին կանչեր են ընդունում և տուժյալներին առաջին օգնությունը կրկին իրենց ծառայությունն է մատուցում։ Երբ իրենց տեխնիկան ձյան մեջ շրջափակված մեքենաները դուրս բերել, տուժյալներին օգնել չի կարողանում, միայն այդ դեպքում դիմում են կազմակերպությանը, որը հաղթել է ներքին ու կենտրոնական ճանապարհների մաքրման մրցույթում։

-«Մեծ հզորության մեքենաներ չունենք, սակայն մարդկանց օգնելու համար հնարավոր ամեն ինչ անում ենք։ Եթե մեքենային օգնել չենք կարողանում, ուղևորներին, միևնույնն է, դուրս ենք բերում և հասցնում մինչև մոտակա բնակավայրն կամ Նինոծմինդա։ Դեկտեմբերի 10-ից մինչ օրս ողջ շրջանի մասշտաբով օգնել ենք 140 ավտոմեքենաների մարդկանց։ Ճանապարհների մաքրման համար տեխնիկա չունենք, սակայն մարդկանց օգնելու համար ամեն ինչ անում ենք»,- ասաց Վահան Մարգարյանը։

Անցյալ տարի Նինոծմինդայի հրշեջ-փրկարար ծառայությունը ձմռան պայմաններում ձյան գերությունից և ուժեղ քամուց կարողացավ փրկել վնասված շուրջ 250 մեքենա։

Նինոծմինդա-Ծալկա ճանապարհը, տրանսպորտի նախարարության որոշմամբ, մինչև գարուն փակ է, սակայն Վահան Մարգարյանի խոսքերով, ճանապարհը մինչև մունիցիպալիտետի վերջին գյուղը, բաց է։

Տեղի բնակիչների և տաքսու վարորդների խոսքերով, Հայաստան տանող կենտրոնական ճանապարհը այս ձմեռ մեկ ժամից ավելի փակված չի եղել։
Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ասպինձայի մունիցիապալիտետների հանրապետական և միջազգային ճանապարհները սպասարկում է «Ջավախավտոճանապարհը»։ Ընկերությունը հաղթել է 2012 թվականի մրցույթում։

«Ջավախավտոճանապարհի» տնօրեն Նոդար Ինասարիձեն ասաց, որ մրցույթի պայմանների համաձայն, իրենց պարտականույթունների մեջ է մտնում հանրապետական և միջազգային ճանապարհների վերանորոգումն ու խնամքը։ Այդ սպասարկման համար, նրա խոսքերով, հատկացվել է մեկ միլիոն լարիից ավելի։ Աշխատանքները կարգավորում է ենթակառույցների և տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։

Տաքսու երիտասարդ վարորդը, որը չցանկացավ նշել իր ով լինելը, ասաց, որ Հայաստան տանող ճանապարհը երբեք չի փակվել.

-«Հաճախ են փակվում Օրոջալար և Խանչալի տանող ճանապարհները և երկար ժամանակ փակված են մնում»։
Ներքին ճանապարհների մասին խոսակցությունից պարզվեց, որ գյուղական ճանապարհները միշտ չէ, որ ժամանակին մաքրվում են։ Բոլորից հաճախ, բուքի և ձյան պատճառով փակվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ և Փոքր Խանչալիների, Օրոջալարի, Սաթխայի, Գանձայի, Փոկայի, Հեշտիայի, Տորիսի, Ուջմանայի և Սամեբայի ճանապարհները։

-«Մեծ և Փոքր Խանչալիի ճանապարհները հաճախ ձյան պատճառով փակվում են։ Այդ մասին տեղյակ եմ, քանի որ այդ գյուղի փեսա եմ և հաճախ եմ լինում։ Երբեմն մաքրում են, երբ օրինակ, հարսանիք կամ հուղակավորություն է լինելու։ Մեկ անգամ մաքրում են, ապա ողջ շաբաթ ոչինչ չեն անում։ Երկու օր առաջ մաքրեցին, իսկ մինչ այդ 4-5 օր ճանապարհը փակված էր»,- ասաց Արմեն Իսոյանը։

Արմեն Պապոյանը Փոքր Արագյալ էր մեկնել տաքսիով։ Ճանապարհների առանձին հատվածներում մեքենան դաշտով էր անցնում։

-«Հուղակավորության էինք գնում։ Կենտրոնական ճանապարհի 50 մետրանոց հատվածը փակված էր, մարդիկ ինքնուրույն ճանապարհ էին բացել դաշտով և այդպես էլ անցնում էինք, թեպետ վատ ճանապարհ էր, քարքարոտ։ Տաքսու վարորդը լրացուցիչ երկու լարի պահանջեց, քանի որ ավելի շատ վառելիք էր ծախսվելու։ Եթե փողը հատկացվել է, ճանապարհները ինչո՞ւ չեն մաքրում։ Ձյունը ճանապարհներին տափանվել է և դա արդեն 3-4 օր է այդպես է»,-ասաց Արմեն Պապոյանը։

Նինոծմինդայի ներքին ճանապարհների մաքրման մրցույթում 2013 թվականի հունվարի 16-ին «Ճանապարհային» կազմակերպությունը հաղթեց 80 հազար լարիով։ Կազմակերպությունը, որը 24 միավոր տեխնիկա ունի, ստանձնեց մունիցիպալիտետի գյուղական ճանապարհների մաքրման պարտավորությունը։

«Ճանապարհային» կազմակերպության տնօրեն Արմեն Նորսոյանը վստահեցնում է, որ ներկա դրությամբ գյուղական բոլոր ճանապարհները անցանելի են և ամենատևական շրջափակումը ընդամենը մի քանի ժամ է լինում, ծայրահեղ դեպքում մեկ օր, այն էլ բացառիկ դեպքերում։ Նորսոյանի խոսքերով, կազմակերպությունը տեխնիկայի անբավարարություն չունի։

Շուշան Շիրինյան 

Նինոծմինդա

«Հարավային Դարպաս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031