Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածուներից մեկն իր ծրագրի գյուղոլորտի մասը «նկարել» է Բերբերյանի աշխատությունից (Տեսանյութ)

Հունվար 30,2013 15:04

«Կառավարությունը քայլ արեց դեպի գյուղացին, դիզվառելիքի, պարարտանյութի հարցը լուծվեց, գյուղերում պարարտանյութի 1 պարկը բաժավելու է 6 հազար դրամով եւ անցած տարվա պես որոշ գյուղացիներ չեն կարողանալու վրան գին ավելացնել եւ թանկ վաճառել: Պարարտանյութի դեֆիցիտ չի լինելու, եւ գյուղացին կարող է անսահմանափակ գնել: Դիզվառելիքը լիտրը 350 դրամ կլինի»,-այսօր «Հենարան» ակումբում այսպիսի լավատեսական տրամադրությամբ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը ներկայացրեց գյուղատնտեսական տարին:

ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերից, գյուղոլորտի մասնագետի համար «ամենաիրատեսականը» ՀՀ գործող նախագահ, թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագիրն է: Թեկնածուներից մեկն էլ, ըստ պարոն Բերբերյանի, նախընտրական ծրագրի գյուղատնտեսական հատվածը «նկարել» է իր աշխատություններից: Բայց թե ով, Հրաչ Բերբերյանը չցանկացավ անուններ հրապարակել: Իշխանությունների հասցեին հնչեցրած լավատեսական ելույթից հետո, լրագրողներից մեկը կատակեց` մի խոսքով, ընտրություններից հետո լավ տարի է սպասվում:

«Այս տարի ջրի խնդիր չենք ունենալու, քանի որ լավ ձնածածկ է եղել, հողի խոնավությունն էլ շատ լավ է: Եթե ցրտահարություն չլինի, լավ բերք կունենանք: Կարտոֆիլի, հացագործության համար բարենպաստ տարի է լինելու»,-շարունակեց պարոն Բերբերյանը: Ըստ նրա, անցյալ տարի անասնակերի խնդիր եղավ եւ այդ պատճառով այս տարի անասունների զանգվածային մորթ է սպասվում, գարնանն էլ մսի թանկացում կանխատեսեց: Խոտի դեֆիցիտի պատճառով, անցյալ տարի խոտի 1 փաթեթը (տուկ) վաճառվում էր 2500-3000 դրամով:

Պարոն Բերբերյանի դժգոհությունները անցած տարվա առնչությամբ` տեսանյութում.

Հարցին, թե ինչ կարծիք ունի կառավարության որոշման` Սյունիքի արոտավայրերը Իրանի անասուններին տրամադրելու մասին, պարոն Բերբերյանն ասաց, որ սկզբունքորեն դեմ չէր, բայց գտնում էր, որ «մենք էլ կարող էինք օգտագործել, բայց քանի որ չենք օգտագործում, ինչը շատ մեծ սխալ ենք անում, ավելի լավ է այդ արոտավայրերը պարապ չմնան»:

Ըստ մասնագետի, այս տարի կառավարությունը կլուծի նաեւ լոլիկի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների շրջանում տարածված ցեցի խնդիրը: Ցեցի ձեռքը կրակն ընկած այն 45-50 տնտեսություններին կառաջարկվի փոխել կուլտուրաների տեսակները եւ լոլիկի, բիբարի փոխարեն սոխ ցանել. «Կարծում եմ՝ կառավարությունը գյուղացուն սոխի սերմացուն անվճար կբաժանի, եւ քանի որ 10 հազար տոննա սոխ է ներկրվում մեր երկիր, ինչը կնշանակի՝ սոխի պահանջարկ կա, այդ պակասը տեղական սոխով կլրացվի, ինչն ավելի որակյալ է: Իսկ այն գյուղացիները, որոնք չեն համաձայնի սոխ ցանել, նրանց թունաքիմիկատ կբաժանվի ցեցի դեմ եւ 6-7 անգամ կսրսկեն իրենց բոստանները»:

Պարոն Բերբերյանը նաեւ ասաց, որ կարտոֆիլի պաշարները շուտով կվերջանան եւ գյուղացին սեմացուի համար պահած կարտոֆիլը կհանի վաճառքի: Ըստ նրա՝ ճիշտ գյուղատնտեսություն կազմակերպելու համար մեր երկրում բացակայում են «ինտենսիվ տեխնոլոգիաները», բացի այդ, անհրաժեշտ է հողերի խոշորացում. «Արարատի հարթավայրի ֆերմերը առնվազն 5 հեկտար պետք է հող մշակի, որ արդյունքի հասնի: Լեռնային գոտում էլ 10 հեկտարից պակաս հող մշակելն անիմաստ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031