Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեսանք, թե ինչ է ասում օպերը» (Տեսանյութ)

Հունվար 30,2013 14:52

Այսօր «Գալիկյան» փաստաբանական գրասենյակում լրատվամիջոցների հետ հանդիպեց փաստաբան Սուրեն Մնացականյանը: Փաստաբանը ներկայացրեց Հանրային հեռուստաընկերության կողմից «1-02» հաղորդաշարի շրջանակներում ցուցադրված մի տեսանյութ, որում ցուցադրվածը նա  համարեց ապատեղեկատվություն: Փաստաբանական գրասենյակը այդ տեսանյութի հետ կապված նամակներ է այսօր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, իսկ Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է հերքել այս տարվա հունվարի 24-ին ցուցադրված տեսանյութը: Այդ տեսանյութում պատմվում է Սիսիանի բնակիչ,  Հայաստանի եւ ՌԴ քաղաքացի Վոլոդյա Գալստյանի մասին:

«Դեռեւս հունվարի 16-ին, երբ իմ պաշտպանյալը որեւէ քրեական գործով կարգավիճակ չի ունեցել, նրան հրավիրելով ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժին, գաղտնի,  առանց նրա գիտության եւ համաձայնության, ինչը տեսնում եք ռեպորտաժը դիտելիս՝ նկարահանել են, հայտարարելով, թե իբր նրան բերման են ենթակել ոստիկանության բաժին, նշել են, թե նա նախկինում դատապարտված ինչ-որ քաղաքացուց խարդախությամբ ստացել է առանձնապես խոշոր չափի գումար»,- ասաց փաստաբանը: Մինչդեռ, ըստ փաստաբանի, Վոլոդյա Գալստյանը հունվարի 16-ին ոստիկանների հրավերով ներկայացել է բաժին, 10 ժամ պահվել անազատության մեջ, սակայն չի իմացել, թե ինչի համար եւ ինչ հիմքով է հրավիրվել բաժին: Վ. Գալստյանի առողջական վիճակը  կտրուկ վատացել է, նրան  ոստիկանները տեղափոխել են հիվանդանոց, բժշկական օգնություն ստանալուց հետո ազատ է արձակվել եւ գնացել է տուն:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ ոստիկանության հրավերի հիման վրա նա դարձյալ ներկայացել է բաժին, որտեղ եւ ձերբակալվել է: «Դիտելով նշված ռեպորտաժը, յուրաքանչյուր ոք պատկերացում է կազմում, թե Վ. Գալստյանի մեղքն արդեն իսկ ապացուցված է եւ բոլոր հանգամանքները պարզ են: Տեղեկացնեմ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը հունվարի 21-ին, իսկ նկարահանումները կատարվել են հունվարի 16-ին, 17-ին, որի ժամանակ էլ տուժողը տեսախցիկների առջեւ տալիս է ցուցմունք, թե իբր իմ պաշտպանյալը նրան ներկայացել է Աշոտ անունով եւ ՌԴ-ում խաբեությամբ տիրացել է նրա գումարներին»,- ասաց Ս. Մնացականյանը:

Փաստաբանական գրասենյակին, որը հանձն է առել սիսիանցի բիզնեսմենի (ՌԴ-ում ունեցել է «Սիսիան» ՍՊԸ, որը իրականացրել է վերանորոգման աշխատանքներ) պաշտպանությունը,  հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը, որ տուժողը ՀՀ է եկել ՌԴ-ից  եւ հենց Սիսիանի ոստիկանությունում է հայտարարություն տվել խարդախության փաստի առթիվ: Ի դեպ, խոսքը 1 մլն 500 հազար ռուսական ռուբլու մասին է:

kin-kuyrԼրատվամիջոցների հետ այսօրվա հանդիպմանը ներկա էին Վոլոդյայի կինը, հարազատները: Կինը՝ Լիլիթ Ամիրյանն ասաց, որ ունի 4 եւ 15 տարեկան դուստրեր եւ որ Սիսիանի բնակիչները  եւ թե իր երեխան, որը դպրոցում է սովորում, անչափ ցնցված են հաղորդաշարում ներկայացված ռեպորտաժից: Վ.Գալստյանի քույրն ասաց, որ իրենց ընտանիքը երբեւէ չի առնչվել իրավապահների հետ, եղբայրը նախկինում դատված չի եղել եւ որ նախաքննությամբ դեռ չհաստատվածը ներկայացվում է իբրեւ մեղադրանք:

Փաստաբանական գրասենյակը ձեռնպահ մնաց նախաքննության որոշ մանրամասներից եւ ասաց, որ օրենքով սահմանված կարգով սպասում է՝ Հանրայինով ցուցադրվածը հերքվի: Իսկ եթե իրենց պահանջը չկատարվի, նրանք դիմելու են դատական պաշտպանության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031