Երևանում թափառել միշտ սիրել եմ: Երբ նոր-նոր սկսել էին ինձ թույլ տալ տանից մենակ դուրս գալ, երթուղայինները թողած անծանոթ փողոցներ էի ընկնում, բայց առանց անհանգստանալու քայլում՝ շատ լավ իմանալով, որ շուտով ծանոթ տեղ դուրս կգամ: Էդպես հայտնաբերել էի Մաշտոցի պողոտայից Հանրապետության հրապարակ գնացող կարճ ճանապարհը. Պուշկինից թեքվում էի, նեղլիկ փողոցների ու իրար գլխի լցված սեփական տների արանքներով դուրս գալիս Բուզանդ:
Սիրեցի այդ ճանապարհը. էնտեղ իսկական հին Երևանն էր իր համ ու հոտով, բոբիկ վազվզող երեխաներով, մուտքի դռանը կախած թափանցիկ վարագույրով, գույնզգույն լվացքով ու բակում նարդի խաղացող տղամարդկանցով, ներքնաբակեր տանող կամարներով ու էնտեղից երևացող աջ ու ձախ շարժվող հավերով: Պատահում էր՝ ընկերներիս հետ ամառվա շոգին զովանում էինք կամարների ստվերում, մի քանի քայլ էլ առաջ գնում, որ տեսնենք՝ ինչ կա բակում:
Հասկացա, որ քաղաքի էս հատվածը Երևանի տեսարժան վայրն էր որ կար: Սկսեցի բոլոր նորեկներին, հյուրերին, զբոսաշրջիկներին էնտեղ տանել: Առաջինը Սյունիքից եկած համակուրսեցիս էր, որը Երևանում նախկինում չէր եղել: Գիտեի՝ եթե ձեռքից չբռնեմ, չտանեմ էնտեղ, էդպես էլ չի տեսնի հին քաղաքը: Դուրը չեկավ: Ասաց՝ Գորիսն է հիշեցնում, իսկ ինքը Կապանի շենքերն է սիրում:
Հետո այնտեղ գնացի գերմանուհի հյուրիս հետ: Արդեն սկսել էին տները քանդել: Լիքը փոշի կար: Բայց տեսնելու բաներ դեռ մնացել էին: Դուրը եկավ: Կանգնում էր ամեն մի դռան, մի կամարի, մի աստիճանի դիմաց ու խնդրում, որ իրեն նկարեմ: Զարմացավ, երբ տեսավ էլեկտրալարերը: «Էսպես բաց վտանգավոր չէ՞»,- հարցրեց:
Բուզանդի փողոց մեկ էլ մտա մի այլ գերմանուհի հյուրի հետ, երբ Հյուսիսային պողոտան արդեն կար, իսկ թաղամասի մեծ մասը ոչնչացվել էր: Լավ էր, որ իմ սիրելի կամարը դեռ տեղում էր:
Շոգ էր: Մտանք տակը, որ զովանանք ու տեսնենք՝ մյուս կողմում ինչ կա: Բակից տեսան մեզ, կանչեցին: «Էկեք, էկեք, հին Էրևանից էս ա մնացել»,- ասացին: Մտանք բակ: Մի պապիկ էր նստած, ասում էր՝ էդ տանն է ծնվել, այգին ինքն է խնամում: Հարևաններ ունեին, հիմա էլ չկան: Հետո ձայն տվեց, ներսից կնոջը կանչեց, որ մեզ խաղող բերի: Կինը եկավ մի մեծ թաս ձեռքին: «Կերեք, – ասաց,- հին Էրևանի խաղողն ա»:
Հյուրս հայերեն չէր հասկանում: Ամեն րոպե թարգմանում էի: Զարմացել էր, թե ո՞նց անծանոթն էսպես մեզ կանչեց, խաղող հյուրասիրեց: Զարմացել էր, թե ո՞նց են քաղաքի էս հատվածն էդպես քանդել ու տեղը Հյուսիսային պողոտա կառուցել: «Տգեղ է»,- ասում էր:
Վերջին հյուրս ֆրանսիացի զբոսաշրջիկ էր, որն ուզում էր հին քաղաքը տեսնել: «Գնանք,- ասացի,- բայց չգիտեմ՝ ինչ է մնացել»: Ու քայլեցինք Բուզանդով: Փոշին շատացել էր: Տուրիստի հայացքով աջ ու ձախ էր նայում, ֆոտոներ անում, իսկ ես գլուխս կախել էի, որ հանկարծ չտեսնեմ՝ կամարով տունը չկա: Խոսեցինք միայն Մաշտոցի պողոտա դուրս գալուց հետո: Խոսեցինք այլ թեմաներով, հին Երևանն ասես չէր էլ եղել:
Հաջորդ տարի հյուրը ես էի: Ցուրտ Եվրոպայից հետո կարոտել էի հայկական արևը: Շոգած քայլեցի Մաշտոցի պողոտայով, մտա Մաշտոցի պուրակ և ուզեցի առաջանալ դեպի հին քաղաքի մնացորդները: Չէ, չուզեցի ավերակներ կամ դրանց տեղում արդեն վեր խոյացած նորակառույցներ տեսնել: Հարմարվեցի նստարաններից մեկին ու հայացքս ընկավ հուշատախտակին. «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը»: Հասկացա, որ ամեն ինչ կորած չէ:
Բյուրական Իշխանյան՝ (mynews.am)