Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դիվանագիտությունը պարտվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցում

Հունվար 30,2013 14:27

2009-2010-ից ԶԼՄ-ներում հայտնվեց Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման թեման: Սա իսկապես ընդունվեց եւ ընկալվեց որպես մի դրական խնդիր, որի լուծումը կարող էր ողջունելի քայլ համարվել:

Սակայն ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այս մեկում՝ լրացուցիչ անգամ համոզվում ենք, որ իշխանությունները (ԼՂ հակամարտության չկարգավորման պայմաններում ավելի ճիշտ կլինի ասել՝ հայկական կողմը), եթե ինչ-որ բան նախաձեռնում էլ է՝ չի հաշվարկում դրա ելքը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԼՂ-ի իշխանությունները հայտարարեցին, թե 2010թ. հոկտեմբերին վերաբացվելու է Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանը: Նույնիսկ հավաստիացումներ էին հնչում, որ վերաբացվելուց հետո Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ կիրականացվեն տարբեր ուղղություններով: Որքան էլ համոզիչ էր թվում նույնիսկ Երեւանից Ստեփանակերտ մարդատար օդանավ ուղարկելու գաղափարը, միեւնույն ժամանակ հստակ էր դրա ռիսկային լինելու գործոնը՝ ղարաբաղյան ստատուս քվոյի պայմաններում:

Պարզ է, որ օդանավերի թռիչքները կհայտնվեն Ադրբեջանի ուշադրության կենտրոնում եւ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը ցանկացած պահի չի խփի այդ օդանավն իր համար հիմք ընդունելով այն համոզմունքը, որ՝ «Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք»: Ադրբեջանի դեպքում կարծես թե ավելորդ է երաշխիք ներկայացնել այն, որ ԼՂ կարգավորման բանակցություններում պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, թե հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, հետեւաբար դեմ է նաեւ ռազմական գործողություններին: Պարզ է նաեւ, որ ցանկացած պահի Բաքուն կարող է պատճառաբանություն ներկայացնել, թե իր երկրի տարածք են ներխուժել:

Իհարկե հայտնի է, որ ինչպես ICAO-ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպության) մյուս անդամները, այնպես էլ Ադրբեջանը ստորագրել է միջազգային համաձայնագիր, որով պարտավորվել է, որ չի կարող հարվածել քաղաքացիական օդանավերին: Բայց սա եւս հիմք չէ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը, համենայնդեպս ԼՂ բանակցություններում արված հայտարարությունների եւ քայլերի տեսանկյունից:

Ի՞նչ է ստացվում ուրեմն․․․ Հայկական կողմը նախաձեռնել է Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության վերականգնման հարցը առա՞նց հաշվարկելու թե իր քայլերը, եւ թե Ադրբեջանի ու միջազգային հանրության արձագանքը․․․ Թե՞ հայկական կողմը ունեցել է երաշխիքներ, որ եթե Ստեփանակերտի օդանավակայանը սկսում է գործել, վստահ է, որ չի վտանգելու ԼՂ-ի եւ ՀՀ քաղաքացիների կյանքը: Որքան անցանկալի լինի, բայց ուզենք, թե չուզենք, Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը կապված է ԼՂ խնդրի հետ, եւ այստեղ անհասկանալի է, թե օդանավակայանի վերակառուցման համար ծախսված գումարները ներդնելիս՝ ի՞նչ հիմքի վրա է «խաղադրույքը» դրվել, եթե Ադրբեջանի հետ միջնորդավորված բանակցություններ չեն ընթացել (եթե լինեին՝ գոնե Ադրբեջանի այսպիսի արձագանքի վկան չէինք լինի):

Հարկ է նկատել, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը ոչ միայն տեղեկատվական տեսանկյունից է լայնորեն տեղ զբաղեցրել ԶԼՄ-ներում: Հիշեցնենք, որ 2011թ․ մարտին Սերժ Սարգսյանը Երեւանում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Կալմի Ռեյի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Երեւան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղեւորը ինքն է լինելու։ Նա սա ասաց՝ մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարելիք ինքնաթիռները ռմբակոծելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները։ «ԼՂ-ի բնակչությունը իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայությունից։ Այստեղ որեւէ կասկած չկա»,- նկատեց նա՝ հավելելով, որ կասկածից վեր է, որ Հայաստանի եւ ԼՂ-ի իշխանությունները այդ խնդիրը պետք է համապատասխանեցնեն պատկան մարմինների հետ։ Նա վստահություն հայտնեց, որ այս գործընթացն ունենալու է իր դրական ավարտը, իսկ Բաքվից հնչող հայտարարություններին ի պատասխան Ս․ Սարգսյանն ասաց. «Այդպիսի հայտարարություններ աշխարհի նորօրյա պատմության մեջ եղել են եւ քիչ չեն եղել։ Բայց այստեղ մի բայց կա. այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից, պետությունների կողմից նման հայտարարություններ չեն հնչել»։

Այժմ, ունենք այն ինչ ունենք: Անցյալ տարի նոյեմբերին Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշել էր, թե «առանց կողմերի փոխհամաձայնության՝ ԼՂ-ում օդանավակայանի բացումը կվտանգի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը․ «Այն տարածքը, որտեղ գտնվում է ԼՂ-ի օդանավակայանը, Ադրբեջանի սուվերեն տարածքն է։ Ուստի այդ հարցում շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից։ Առանց բացարձակ համաձայնության՝ օդանավակայանի բացումը ոչ մի կերպ չի նպաստի իրավիճակի բարելավմանը»։

Ստեփանակերտի օդանավակայանի դե յուրե բաց, շահագործման համար պատրաստ, սակայն չվերթներ չիրականացնելու խնդիրը այժմ դարձել է հայ-ադրբեջանական բանակցություններում մի նոր սուր հարց։ ԼՂՀ ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը բազմիցս հայտարարել է, թե եթե ադրբեջանական կողմը կործանի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը, ապա նույնը կարող է անել նաեւ ԼՂ-ն։ ICAO-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիեւը կազմակերպության խորհրդի նիստում հայտարարել է, թե ԼՂ-ի օդային տարածքը «քաղաքացիական ավիացիայի համար փակ տարածք է», եւ այդ ուղղությամբ որեւէ օդանավի թռիչքը նշանակում է վտանգի տակ դնել ուղեւորների կյանքը»։ Շաֆիեւը նշել էր մի առիթով, թե քաղավիացիայի ոլորտում հիմնարար՝ Չիկագոյի կոնվենցիան իրավունք է տալիս Բաքվին՝ «կասեցնել նման օդանավերի թռիչքը»։

Բանը հասել է նրան, որ ԵԱՀԿ ՄԽ-ն է իր հայտարարություններում արդեն արծարծում Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Հունվարի 28-ի հայտարարությունում, որում համանախագահները փաստում են Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ կայացած համատեղ հանդիպման մասին, նաեւ նշել են․ «Համանախագահները հիշատակել են 2012թ․ապրիլի 14-ի եւ հուլիսի 13-ի իրենց հայտարարությունները եւ նախարարների հետ քննարկել են դեպի ԼՂ ու ԼՂ-ից քաղաքացիական չվերթների հարցը»: Իսկ հուլիսին համանախագահները անդրադարձել էին ԼՂ-ի օդանավակայանի բացման մասին լուրերին՝ նշելով, որ իրենց հանդիպումներում կողմերը վստահեցրել են, որ ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքներից եւ խնդիրը կլուծեն դիվանագիտական ճանապարհով՝ խուսափելով հարցի քաղաքականացումից։

Ստացվում է, որ ղարաբաղյան առանց այն էլ անարդյունք եւ երկարաձգվող բանակցությունների սեղանին հայտնվել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Սրան զուգահեռ վերջերս էլ տեղեկատվություն եղավ այն մասին, որ Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը, որի համաձայն՝ Ադրբեջանի օդային տարածքում արգելված գոտիներ եւ սահմանափակ գոտիներ են առանձնացվում, ընդ որում՝ այդպիսին տեսականորեն կարող է ճանաչվել ցանկացած հատված, եթե Պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը համապատասխան որոշում ընդունի:

Մի՞թե դեպքերի նման զարգացումը Հայաստանի իշխանությունները չէին կանխատեսել․․․

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԳԵրկու օր առաջ, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանը կարծիք էր հայտնել, թե ՀՀ իշխանությունները լավ չեն հաշվարկել Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ թռիչքներ դեպի Ստեփանակերտ պետք էր իրականացնել Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանին արտահանձնելուց անմիջապես հետո։ Իհարկե ավելի արդյունավետ կլիներ, եթե Դ․ Շահնազարյանն այս հարցը բարձրացներ հենց Սաֆարովի արտահանձնումից անմիջապես հետո, երբ ՀՀ իշխանությունները կենտրոնացել էին Հունգարիայի կառավարության ուղղությամբ: Անշուշտ դա եւս երաշխիք չէ, որ իշխանությունները համարձակություն կունենային առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկրների իշխանություններին պարզապես տեղյակ պահել, որ եթե ԼՂ-ի հարցին չառնչվող Սաֆարովի հարցը այսպիսի ընթացք է ստանում, ապա ԼՂ-ի բնակչությունն էլ իրավունք ունի օգտվել տրանսպորտային այդ միջոցից ու հենց այդ օրերին էլ լուծեին օդանավակայանի բացման հարցը: Կորցրել ենք այդ պահը, բայց Ադրբեջանը, կարծես, առիթներ բավական շատ է ընձեռում ՀՀ իշխանություններին, որպեսզի երբեմն էլ հայկական կողմը մտածի նպաստավոր քայլերի դիմելու համար: Սակայն մեր արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է բացառապես այս հիմնավորումը ներկայացնելով՝ ամբողջ աշխարհը գիտե, որ մենք «կառուցողական» ենք, որ ճիշտը մենք ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Օդակայան շահագործելը տղու գործ է, հայ տղու գործը կին թալանելն ու ծեծելն է: Եզակին մնում է եզակի:

  2. Մուշեղ says:

    ծիծաղելի բաների մասին եք գրում, հատկապես վերնագիրը, հայ դիվանագիտություն, չէ մի չէ հայ տիեզերագնացություն… դուք որտեղ եք տեսել հայ դիվանագիտություն, երբ բոլոր դեսպանները անձնական խնդիրներից այն կողմ ամեն ինչի վրա թքած ունեն ու մեկ մեկ էլ սրա նրա խնդրանքով նեղ խմբակային հարցերով են զբաղվում… ադրբեջանցի դիվանագետները գոնե խավիար ունեն իսկ հայ դիվանագետները դա ել չունեն, դե ուղեղի մասին երկու դեպքում էլ անիմաստ է խոսել

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031