Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը մերժել է ու հղում արել օրենքներին

Հունվար 30,2013 14:10

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վկայակոչել է ՀՀ գործող նախագահի ու կառավարության հանձնառությունը՝ օրինական ու հավասար, խախտումներից ու կեղծիքներից զերծ ընտրություններ անցկացնելու մասին:

Այս տարվա հունվարի 18-ին ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր դիմել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ բուհերում եւ գիտակրթական հիմնարկներում հանդիպումներ ունենալու համար: «Ի կատարումն 2013թ. փետրվարի 18-ին օրինական ու հավասար, խախտումներից ու կեղծիքներից զերծ ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ գործող նախագահի ու կառավարության հանձնառության՝ ակնկալում ենք Ձեր աջակցությունը Երեւանում եւ հանրապետության ողջ տարածքում գտնվող պետական բուհերում եւ ԳԱԱ համակարգի հաստատություններում իմ՝ իբրեւ ՀՀ նախագահի թեկնածուի դասախոսաուսանողական բաց ու ընդգրկուն հանդիպումները նախարարության կազմակերպչական օժանդակությամբ եւ մասնակցությամբ կազմակերպելու հարցում, խնդրում եմ ԿԳՆ համագործակցությունը իմ նախընտրական շտաբի ներկայացուցչի հետ՝ հանդիպումների ժամանակացույց կազմելու գործում»,- նամակում գրել էր պարոն Հովհաննիսյանը:

Ի պատասխան՝ ԿԳ նախարարն էլ թեկնածուին գրավոր տեղեկացրել էր. «ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1. 2-րդ մասի՝ «Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2011 թվականի հուլիսի 29-ին ընդունել է «Թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 38-Ն որոշումը, ըստ որի սահմանվել է, որ՝

«1) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ եւ այլ շինություններ (այսուհետ՝ դահլիճ) անվճար հիմունքներով օգտագործելու համար թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում են ներկայացնում դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին,

2) դիմումում նշվում է դահլիճը, որտեղ անցկացվելու է միջոցառումը, միջոցառման օրը եւ ժամը, միջոցառման պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, փոստային հասցե, հեռախոսահամար), դիմումի տրման օրը, ամիսը, տարեթիվը,

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճ տրամադրելու մասին,

4) եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի այլ դահլիճ,

5) դահլիճը նույն օրը եւ ժամին տրամադրելու մեկից ավելի դիմումների դեպքում, այն տրվում է այն թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որի դիմումն առաջինն է մուտքագրվել,

6) համապետական, Երեւանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը դահլիճ ների ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս նշում է նաեւ դրանց գտնվելու վայրը, նստելատեղերի թիվը,

7) սույն կարգով նույն դահլիճը թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին տրամադրվում է մեկ անգամ եւ մինչեւ 3 ժամ տեւողությամբ», 2. 3-րդ մասի՝ «Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում»:

Նախարարը նաեւ հավելել էր, թե ելնելով վերոգրյալից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ԿԸՀ համապատասխան որոշմամբ սահմանված կարգով դիմեր ԿԸՀ համացանցային կայքում տեղադրված ցանկերում ներառված դահլիճները եւ շինությունները տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, ու ըստ էության, Արմեն Աշոտյանը մերժել էր առաջարկը՝ պատճառաբանելով, որ օրենքով ՀՀ ԿԳ նախարարությանը քարոզարշավին մասնակցելու հնարավորություն ընձեռված չէ:

Հիշեցնենք, որ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Facebook-ի իր էջում նախարարին գրել էր, որ նա, լինելով բաց ու հասանելի քաղաքական գործիչ, պետք է ապահովի ուսանողների եւ նախագահի թեկնածուների հանդիպումը: Արմեն Աշոտյանն էլ «Առավոտին» ասել էր, թե չի ցանկանում մեկնաբանել Անահիտ Բախշյանի հայտարարությունը ու թեմային կանդրադառնա միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հետ բանավեճի ժամանակ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031