Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

Հունվար 30,2013 14:02

bjishk_1Երրորդ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ նրանց գործողություններում հանցակազմի հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գեորգի Իլոյանի ու նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վարդան Մխիթարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Երրորդ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախորդ տարվա մայիսի 30-ին կայացված որոշման համաձայն՝ գրավով ազատ արձակված բժիշկները մեղավոր չեն ճանաչվել քաղաքացի Վաչագան Մարկոսյանի մահվան մեջ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ին հարուցվել էր քրեական գործ՝ հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ: Ըստ քրեական գործի նյութերի՝ 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել էր՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապբուժօգնություն եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք եւ թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից եւ ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել էր դիմել մասնագիտացված բժշկի՝ թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով՝ Վ. Մարկոսյանի վիճակը վատացել էր եւ նույն օրը՝ ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ եւ մահացել էր: «Բժիշկներին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ ռենտգենաբան Վարդան Մխիթարյանը ոչ ճիշտ հետազոտություններ է կատարել, ճիշտ ախտորոշում չի տվել, իսկ բժիշկ Իլոյանը ճիշտ բուժում չի իրականացրել, ինչի հետեւանքով Վ. Մարկոսյանը մահացել է, եւ մահվան պատճառ էր նշվում հեմոռագիկ եւ տրավմատիկ շոկ եւ մի շարք այլ պատճառներ»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում են Վարդան Մխիթարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանն (լուսանկարում՝ ձախից) ու Գեորգի Իլոյանի փաստաբան Կարեն Թումանյանը (լուսանկարում՝ աջից): Համաձայն չլինելով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ՝ փաստաբան Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով անցկացնել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Կրկնակի փորձաքննության եզրակացությունը կասկածի տակ էր դրել նախկինում կատարված փորձաքննության արդյունքները: Համաձայն նոր փորձաքննության եզրակացության՝ Մարկոսյանի մահվան պատճառ հանդիսացել էր սուր շնչառական անբավարարվածությունը, որը պայմանավորված էր եղել թոքերի երկկողմանի տուբերկուլյոզով՝ խիստ արտահայտված թարախային միաձուլվող բրոնխոպլեւմանիայով: Մարկոսյանի հիվանդության պատճառը եղել էր տուբերկուլյոզը, եւ նրա բժշկական հետազոտումն ու հետագա բուժումը բացարձակ որեւէ նշանակություն չէր ունեցել, հիվանդի մահը պայմանավորված չէր եղել բժիշկների գործողություններով:

«Այսինքն՝ եթե պաշտպանության կողմը չմիջնորդեր կրկնակի փորձաքննություն նշանակելու, եւ հիմք ընդուներ նախկին խայտառակ փորձաքննությունը, երկու բժիշկներ՝ շատ լավ մասնագետներ, լավ անձնավորություններ, պետք է դատապարտվեին կալանքի ձեւով կամ նույնիսկ ազատազրկման ձեւով, քանի որ նրանց դատապարտման հիմքում պիտի դրվեր փորձագիտական ակնհայտ սխալ եզրակացությունը»,- նշում է փաստաբան Հակոբյանը: Նա տեղեկացնում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կատարած բժիշկները անգամ անփութություն էին ցուցաբերել եզրակացությունը կազմելիս. շփոթել էին անուն-ազգանուններ, ամսաթվեր, լուրջ չէին մոտեցել կատարվող աշխատանքին: Սակայն սրանով հարուցված քրեական գործը դեռ չէր կարճվել: Նախաքննական մարմինը, ձեռքի տակ ունենալով երկու իրարամերժ փորձաքննություններ, արդեն իր հայեցողությամբ երրորդ անգամ դիմեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության օգնությանը: «Համաձայն այդ փորձաքննության եզրակացության՝ բժիշկների գործողություններում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ, եւ արդյունքում հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց, ինչը եւ պաշտպանական կողմը ի սկզբանե պնդում էր»,- տեղեկացնում են նրանք:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031