Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտ-լաբորատորիան» քաղաքականության հետ կապ չունի

Հունվար 30,2013 13:54

Եվ առայժմ ըմբոշխնում է ՀՀ նախագահի թեկնածուների ամբիցիոզ հայտարարությունները

Հայաստանյան «Արտ-լաբորատորիա» խմբի անդամները  ժամանակին մի առիթով ասել են, որ իրենց գործունեության նպատակն է արձագանքել հասարակության մեջ տեղի ունեցող սոցիալ-քաղաքական հրատապ իրադարձություններին եւ բացահայտել չերեւացող այն մեխանիզմները, որոնք նպաստում են բռնատիրական հասարակարգերի կայացմանը: Նշել էին նաեւ, որ իրենց իրականացրած ակցիաները կամ քաղաքական համատեքստավորված «street art»-ը (փողոցային արվեստ) դուրս են զուտ մշակութային պատկերացման շրջանակներից եւ որ դրանք մոբիլիզացիա հիշեցնող գործողություններ են՝ միտված ուղղակի ազդեցություն գործելու հասարակության եւ քաղաքականության վրա: Իսկ որ ամենակարեւորն է՝ իրենց կտավի սահմանները մեծանում են, քանի որ կտավը փողոցն է:

Այս մասին հիշեցնելով, «Առավոտի» զրուցակից, «Արտ-լաբորատորիայի» անդամ, ճանաչված նկարիչ Հովհաննես Մարգարյանին  (լուսանկարում) հարցրինք՝ մեկնարկած ՀՀ նախագահի թեկնածուների քարոզարշավին ի՞նչ մոտեցումներ ունի «Արտ-լաբորատորիան»: Մեր զրուցակիցը նշեց. «Մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, զբաղվում ենք ժամանակակից արվեստով: «Արտ-լաբորատորիան» կողմնակից է իր ուղերձը հասցնել դիտողին անմիջականորեն, առանց գալերիների եւ պատկերասրահների միջնորդության, դրա համար օգտագործում ենք ժամանակակից թվային տեխնոլոգիաները՝ «street art»-ը, վիդեո-արտը եւ պերֆորմանսը: Առայժմ քարոզարշավի հետ կապված կոնկրետ գործողությունների չեն դիմում՝ բավարարվելով միայն որոշ թեկնածուների ամբիցիոզ հայտարարությունները «ըմբոշխնելով»: Ընդ որում՝ մեր խմբի գործողությունները հաճախ լինում են հանպատրաստից, ասենք՝ Ֆեյսբուքում, որոնք մեծ արձագանք են գտնում»: Ռեպլիկին, թե «Արտ-լաբորատորիա» խմբի հետ հաճախ է ասոցացվում քաղաքական պատվեր արտահայտությունը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մերը քաղաքական արվեստ է, ինչը չի նշանակում կատարել քաղաքական պատվեր: Ընդհակառակը՝ այն ընդդիմանում է իշխող վերնախավին՝ փորձելով արվեստի դաշտն ընդլայնել քաղաքականության հաշվին: Ի վերջո, արվեստագետը պետք է լինի երկրում կատարվող բոլոր քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցը»:

Հարցին, թե ինչպե՞ս է իրականացվում իրենց գործունեությունը, արդյոք դրան չե՞ն խոչընդոտում իրավապահ մարմինները, մեր զրուցակիցը նշեց, որ հիմնական խոչընդոտը հասարակության կաղապարված մտածելակերպն է, ինչպես նաեւ ազգայնամոլական հիստերիան, ինչը տիրում է հանրապետությունում: «Օրինակ, մարտիմեկյան դեպքերի առիթով մեզ երկու անգամ հրավիրել են ոստիկանություն, ինչը կապված էր «street art»-ի հետ: Կարճ ասած՝ ներկել էինք ԱԺ պարսպի ճաղերը… Ի զարմանս մեզ, դա հեշտ հարթվեց, իսկ մեր գործունեության թշնամին դարձավ Երեւանը գեղեցկացնելու պատրվակով վերնիսաժի մակարդակով արված նկարչությունը գետնուղիներում ու դալաններում…»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: Հետաքրքրվեցինք, թե երբ են իրականացնում «street art»-ը: Արվեստագետի խոսքերով՝ դրա ժամանակը հիմնականում գիշերն է, ինչն ավելի շատ նման է մոբիլիզացիայի:

Մեր զրուցակիցը նշեց, թե իրենք սկսած 2008-ից մասնակից են եղել գրեթե բոլոր քաղաքական իրադարձություններին. «Մեր խնդիրը ոչ միայն արձագանքելն է իրադարձություններին, այլեւ ստեղծել իրադարձություններ, որոնք կապված են անցած, ներկա եւ գալիք ժամանակահատվածներին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031